Bankomat

ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագծին

Լուրեր | 2026/08/09 20:02

ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագծին

Օրինագիծը նախատեսում է 100% մաքսատուրք ռուսական նավթի և գազի վրա

ԱՄՆ Սենատը կողմ է քվեարկել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մասին օրինագծին։ Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը։

Այժմ օրինագիծը պետք է քննարկի Ներկայացուցիչների պալատը, որից հետո այն պետք է ստորագրի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Հայտնի չէ, թե երբ փաստաթուղթը կքննարկվի արդեն Ներկայացուցիչների պալատում։

Օրինագծի նախաձեռնողը Լինդսի Գրեհեմն էր, որը մահացել է 2026 թվականի հուլիսի 11-ին։ Սենատում Գրեհեմի տեղը զբաղեցրած նրա քույրը՝ Դարլին Գրեհեմ Նորդոնը, հայտարարել է, որ օրինագիծը «հարվածում է Պուտինի ցավոտ տեղին»։

Օրինագիծը ԱՄՆ նախագահին իրավունք կտա մինչև 100% մաքսատուրք սահմանել այն երկրների ներմուծման նկատմամբ, որոնք գնում են ռուսական նավթ, ուրան և բնական գազ կամ օգնում են շրջանցել Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները։

Փաստաթուղթը նախատեսում է նաև պատժամիջոցներ Ռուսաստանի պաշտպանական, էներգետիկ և ֆինանսական կազմակերպությունների, ռուսական «ստվերային նավատորմի», ինչպես նաև ռուսաստանցի պաշտոնյաների, օլիգարխների և նրանց ընտանիքների անդամների նկատմամբ։

Օրինագիծն առաջին անգամ ներկայացվել էր դեռևս 2025 թվականին, սակայն երկար ժամանակ օրակարգում չէր՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դիրքորոշման անորոշության պատճառով։ Թրամփը պահանջում էր իր համար սահմանել առավել լայն լիազորություններ՝ ինչպես պատժամիջոցները խստացնելու, այնպես էլ դրանք չեղարկելու հարցում։

Օրինագծի նախնական տարբերակը նախատեսում էր 500% մաքսատուրք սահմանել այն երկրների ապրանքների նկատմամբ, որոնք գնում են ռուսական նավթ և գազ։

The Wall Street Journal-ի կողմից հարցված վերլուծաբանների գնահատմամբ՝ եթե օրինագիծն ընդունվի, սա կլինի առաջին դեպքը, երբ ԱՄՆ Կոնգրեսը մաքսատուրքերի կիրառումը թույլատրում է որպես աշխարհաքաղաքական ճնշման գործիք։ Նախկինում մաքսատուրքերը հիմնականում կիրառվել են առևտրային անբարեխիղճ քաղաքականության դեմ պայքարի շրջանակներում։

Լուսանկարը՝ Omar Chatriwala/Getty Images

Աղբյուր՝ hetq.am

Տարածել

Կարդացեք նաեվ