ԱՄՆ-ի դատարանը չեղարկել է 75 երկրի քաղաքացիներին ներգաղթային վիզաների տրամադրման արգելքը, որը ուժի մեջ էր մտել հունվարի 21-ին։ Դատավոր Ջանեթ Վարգասի որոշմամբ, այդ քաղաքականությունը հակասում է օրենքին և ընդունվել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի լիազորությունների գերազանցմամբ։ Վարգասը նաև չեղարկել է վիզաների տրամադրման բոլոր մերժումները, որոնք հիմնված էին բացառապես այդ որոշման վրա։
ԱՄՆ կառավարությունը կարող է բողոքարկել դատարանի որոշումը։ Հունվարի 21-ից ներգաղթային վիզաների տրամադրումը ժամանակավորապես դադարեցված երկրների թվում էին Ռուսաստանը, Բելառուսը, Ադրբեջանը, Հայաստանը, Վրաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Մոլդովան և Ուզբեկստանը։ ԱՄՆ Պետդեպարտամենտը այդ երկրները դասել էր «բարձր ռիսկային» երկրների շարքին՝ որոշումը հիմնավորելով այն մտավախությամբ, որ ներգաղթյալները կարող են օգտվել սոցիալական նպաստներից կամ «բեռ դառնալ հասարակության համար»։
Աղբյուր՝ www.1in.am
