ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հրաժարվել է հավատարմագրել մի շարք խոշոր լրատվամիջոցների լրագրողների, որոնք պատրաստվում էին լուսաբանել «Մեծ քսանյակի»՝ G20-ի երկրների ֆինանսների նախարարների և կենտրոնական բանկերի ղեկավարների հանդիպումը:
Երկօրյա հանդիպումը մեկնարկում է այսօր՝ օգոստոսի 31-ին, Հյուսիսային Կարոլինայի Էշվիլ քաղաքում։ Հավատարմագրում չեն ստացել, մասնավորապես, The New York Times-ի, The Wall Street Journal-ի և Bloomberg-ի որոշ լրագրողներ:
The New York Times-ից մերժել են տնտեսական հարցերով թղթակից Ալան Ռապեպորտի դիմումը, որը 2017 թվականից լուսաբանում է ԱՄՆ ֆինանսների նախարարության աշխատանքը և մասնակցել է G7-ի ու G20-ի շուրջ մեկ տասնյակ գագաթնաժողովների:
Պարբերականի խոսնակ Նիկոլ Թեյլորը որոշումն անվանել է Թրամփի վարչակազմի կողմից անկախ լրագրությունը սահմանափակելու և հանրային վերահսկողությունից խուսափելու փորձ:
AFP-ն հիշեցնում է, որ երկրորդ նախագահական ժամկետի մեկնարկից ի վեր Դոնալդ Թրամփը բազմիցս քննադատել է իր նկատմամբ կոշտ դիրքորոշում ունեցող լրատվամիջոցներին:
Աղբյուր՝ www.azatutyun.am
