ԱՄՆ 10-ամյա գանձապետական պարտատոմսերի եկամտաբերության 5%-ից բարձր կայուն բարձրացումը կարող է խնդիրներ ստեղծել ֆոնդային շուկայի համար և առանձնապես մեծ ճնշում գործադրել արհեստական բանականության հետ կապված բաժնետոմսերի վրա։ Այս գնահատականը CNBC-ին հայտնել է Breakout Capital-ի հիմնադիր և գլխավոր ներդրումային տնօրեն Ruchir Sharma-ն։
Նրա խոսքով՝ եթե շուկան մտնի նոր տոկոսադրույքային ռեժիմ, որտեղ 10-ամյա գանձապետական եկամտաբերությունը վճռականորեն անցնի 5%-ը, դա բացասաբար կազդի ինչպես ընդհանուր առմամբ բաժնային շուկայի, այնպես էլ AI trade-ի վրա։ Sharma-ն 10-ամյա Treasury-ն անվանել է «աշխարհի ամենակարևոր ակտիվը», քանի որ այն անմիջականորեն ազդում է բաժնետոմսերի գնահատման վրա և հիմք է ծառայում հիփոթեքային, ավտովարկերի և տնտեսության մյուս վարկային գների համար։
Sharma-ի ներկայացմամբ՝ երբ 10-ամյա եկամտաբերությունը բարձրանում է 5%-ից վեր, բաժնետոմսերի և պարտատոմսերի փոխկապակցվածությունը փոխվում է։ Վկայակոչելով պատմական տվյալները՝ նա նշել է, որ այդ փուլում բաժնետոմսերի և պարտատոմսերի կոռելյացիան դառնում է դրական։ «5.25%-ից բարձր ցանկացած եկամտաբերության դեպքում բաժնետոմսերի գները նվազում են»,- ասել է նա։
Բարձր եկամտաբերությունը ճնշում է բաժնետոմսերը նաև այն պատճառով, որ մեծացնում է այն զեղչման դրույքը, որով ներդրողները գնահատում են ապագա շահույթները։ Արդյունքում այդ ապագա եկամուտների, հետևաբար նաև բաժնետոմսերի, ներկա արժեքը նվազում է։ Շաբաթվա սկզբին 10-ամյա Treasury-ի եկամտաբերությունը հասել էր 5%-ի՝ գրանցելով 19 տարվա առավելագույնը, սակայն հինգշաբթի այն նահանջել է 5 բազիսային կետով՝ մինչև 4.94%։
Եկամտաբերության վերջին աճին, ըստ հոդվածի, նպաստել են Մերձավոր Արևելքի պատերազմի հետևանքով բարձրացած նավթի գները և դիզվառելիքի ռեկորդային արժեքը։ Անցած շաբաթ Brent տեսակի նավթի գինը գերազանցել էր $100-ը։ Էներգետիկ պաշարների մատակարարման ցնցումները ուժեղացնում են գնաճային մտահոգությունները այն պահին, երբ Federal Reserve-ը փորձում է վերականգնել գների կայունությունը։ Նշվում է, որ գնաճը հինգ տարի շարունակ գերազանցում է կենտրոնական բանկի 2% թիրախը։
Չորեքշաբթի Federal Reserve-ը դաշնային ֆոնդերի տոկոսադրույքը բարձրացրել է քառորդ տոկոսային կետով՝ 3.75%-ից 4% միջակայք՝ նպատակ ունենալով խստացնել դրամավարկային քաղաքականությունը և զսպել գների աճը։ Քաղաքականություն մշակողները նաև ազդարարել են, որ այս տարվա ընթացքում հնարավոր է ևս մեկ բարձրացում, իսկ Fed-ի նախագահ Kevin Warsh-ը նշել է, որ գնաճը շարունակում է չափազանց բարձր մնալ։
Sharma-ի կարծիքով՝ երկարատև գնաճի հեռանկարը բաժնետոմսերի համար լրացուցիչ բարդություն է ստեղծում։ Fed-ը կանխատեսում է, որ գնաճը մինչև 2029 թվականը կմնա իր 2% նպատակից բարձր, ինչը նշանակում է, որ տոկոսադրույքների հետագա բարձրացման հավանականությունը պահպանվում է։ Նա նաև նշել է, որ շուկայական խոշոր բումները կամ փուչիկները սովորաբար ավարտվել են նույն կերպ՝ «երբ տոկոսադրույքները բարձրանում են, և սկսվում է դրամավարկային խստացումը»։
5%-ից բարձր եկամտաբերության դեպքում, նրա գնահատմամբ, մթագնում է նաև կառավարության ֆիսկալ պատկերը, քանի որ ավելի քան $40 տրլն պարտքի սպասարկման արժեքը մեծանում է։ Sharma-ն զգուշացրել է, որ եթե 10-ամյա եկամտաբերությունը «կորցնի վերահսկելիությունը», այդ ժամանակ շուկաները կբախվեն լուրջ խնդիրների։ Նրա խոսքով՝ կառավարության հաշվեկշիռն այժմ երեք անգամ ավելի ուռճացված է, քան 1990-ականներին, երբ այն ավելի քիչ էր մրցում կորպորատիվ վարկառուների հետ պարտատոմսերի շուկայում՝ dot-com boom-ի ժամանակ կորպորատիվ թողարկումների արագ աճի ֆոնին։
Այսօր, ինչպես նշվում է հոդվածում, խոշոր AI ընկերություններն իրենք էլ ակտիվորեն ներգրավվում են պարտատոմսերի շուկա, քանի որ AI ենթակառուցվածքների վրա ծախսերը կրճատում են նրանց ազատ դրամական հոսքերը։ Goldman Sachs-ը հինգշաբթի հաճախորդներին ուղարկված գրառման մեջ նշել է, որ թեև տեխնոլոգիական ընկերությունների շահույթները շարունակում են ուժեղ մնալ, կապիտալի բարձր արժեքի և տեխնոլոգիական հատվածում կապիտալատարության աճի համադրությունը նվազեցրել է նրանց ապագա դրամական հոսքերի արժեքը։ Այդ պատճառով, ըստ բանկի, նրանց առաջընթաց գնահատականը price-to-earnings ցուցանիշով մոտ է շուկայի մնացած հատվածի միջինին։
Միևնույն ժամանակ Sharma-ն ընդգծել է, որ ընթացիկ իրավիճակը մեկ կարևոր տարբերություն ունի անցյալ լարված փուլերից. կորպորատիվ հաշվեկշիռները հիմա ավելի լավ վիճակում են, քան 1990-ականներին։



Աղբյուր՝ www.cnbc.com
