Bankomat

ԱՄՀ-ում զգուշացրել են թվային արժույթի դոլարայնացման հետևանքների մասին

Լուրեր | 2026/08/07 18:57

ԱՄՀ-ում զգուշացրել են թվային արժույթի դոլարայնացման հետևանքների մասին

ԱՄՀ-ն անդրադարձել է ստեյբլքոյնների աճին և դրանց ռիսկերին

Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) գործադիր տնօրենի առաջին տեղակալն ուշադրություն է հրավիրել ԱՄՆ դոլարին կապակցված ստեյբլքոյնների աճող տարածման հետ կապված ռիսկերի վրա։ Նրա խոսքով՝ այդ միտումը կարող է սահմանափակել դրամավարկային քաղաքականության ճկունությունը և մեծացնել ֆինանսական կայունության համար առկա վտանգները։

«Դոլարայնացումը կարող է ունենալ երկարաժամկետ մակրոտնտեսական հետևանքներ։ Երբ այն արմատավորվում է, սովորաբար դառնում է չափազանց կայուն երևույթ, նույնիսկ այն բանից հետո, երբ այն առաջացրած պայմաններն այլևս գոյություն չունեն»։

ԱՄՀ-ի ղեկավարության ներկայացուցիչը նշել է, որ ԱՄՆ դոլարով ապահովված ստեյբլքոյնները էականորեն տարբերվում են դոլարայնացման նախկին ձևերից։ Դրանց գլխավոր առանձնահատկությունն այն է, որ կարող են շատ արագ տարածվել սմարթֆոնների և թվային հարթակների միջոցով։

ԱՄՀ պաշտոնյայի խոսքով՝ նման թվային ակտիվների լայն տարածումը կարող է ուժեղացնել կապիտալի հոսքերի տատանողականությունը, մակրոտնտեսական ճնշումների ժամանակ լրացուցիչ ազդեցություն ունենալ փոխարժեքների վրա և մի շարք երկրներում առաջացնել ֆինանսական անկայունություն։

Նա նաև ընդգծել է, որ այն երկրներում, որտեղ դոլարի հասանելիությունը սահմանափակ է, իսկ մակրոտնտեսական հիմքերը՝ թույլ, ստեյբլքոյնների լայն կիրառումը կարող է հանգեցնել արտարժույթով ակտիվների ծավալի զուտ աճի և տնտեսության դոլարայնացման մակարդակի բարձրացման։

Աղբյուր՝ b24.am

Տարածել

Կարդացեք նաեվ