ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի. /ԱՌԿԱ/ ԱՄՆ-ի արժեթղթերի և բորսաների հանձնաժողովը (SEC) առաջարկել է նոր կարգավորիչ համակարգ կրիպտոակտիվների համար, որը նախատեսում է մի շարք հատուկ բացառություններ գործող արժեթղթերի օրենսդրությունից և կարող է հեշտացնել կրիպտո ընկերությունների համար տոքենների թողարկումն ու կապիտալի ներգրավումը:
Ինչպես հայտնում է Reuters, սա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից կրիպտոարդյունաբերության համար մասնագիտացված կանոնների ձևավորման առաջին խոշոր քայլն է:
SEC-ի նախագահ Փոլ Աթկինսը հայտարարել է, որ կարգավորիչը մտադիր է տրամադրել ձեռնարկատերերին և կրիպտոակտիվների շուկայի մասնակիցներին ավելի հասկանալի մեխանիզմներ կապիտալի ներգրավման համար:
Ըստ առաջարկության, կրիպտո ընկերությունները կարող են ստանալ մեկանգամյա ազատում մինչև $5 մլն արժողությամբ տոքենների թողարկման համար՝ չորս տարվա ընթացքում: Բացի այդ, նախատեսվում է մինչև $75 մլն արժողությամբ տեղաբաշխումների հնարավորությունը յուրաքանչյուր 12-մսյա ժամանակահատվածում, ենթակա ֆինանսական հաշվետվությունների ներկայացման և կանոնավոր տեղեկատվության բացահայտման պահանջների:
Երկու դեպքում էլ թողարկողները պետք է ներդրողներին բացահայտեն որոշակի տեղեկություններ:
SEC-ի նախագիծը նաև նախատեսում է «անվտանգ նավահանգիստ» մեխանիզմ, որի շրջանակներում կրիպտոակտիվը որոշակի պայմանների պահպանմամբ չի դասակարգվի որպես ներդրումային պայմանագիր:
Կրիպտոարդյունաբերությունը տարիներ շարունակ հանդես է եկել առանձին կարգավորման մոտեցման օգտին, պնդելով, որ շատ տոքեններ իրենց բնութագրերով ավելի մոտ են ապրանքներին, քան արժեթղթերին: Աթկինսը նախկինում աջակցել է այս դիրքորոշմանը:
Հանրապետական ղեկավարության ժամանակ SEC-ն նաև մեղմացրել է նախկին մոտեցումը ոլորտում, չեղյալ հայտարարելով մի շարք խիստ պահանջներ և դադարեցնելով դատական գործընթացները Coinbase-ի, Binance-ի և մի շարք այլ կրիպտո ընկերությունների դեմ:
Blockchain Association-ի և The Digital Chamber-ի ներկայացուցիչները դրական են գնահատել նախաձեռնությունը, որին անվանել են ավելի հստակ և թվային ակտիվներին հարմարեցված կանոնների ձևավորման քայլ:
Աղբյուր՝ armbanks.am
