Financial Times-ի տվյալներով՝ OpenAI, Anthropic և արհեստական բանականության ոլորտի այլ ընկերությունների արագ աճը ձևավորել է նոր միլիոնատերերի և միլիարդատերերի սերունդ, որոնք զգալիորեն փոխում են շքեղ անշարժ գույքի, մասնավոր ավիացիայի, սուպերքարերի և զբոսանավերի շուկան:
UBS-ի գնահատմամբ՝ միլիարդատերերի թիվը մեկ տարվա ընթացքում աճել է 13%-ով՝ հասնելով 3.302-ի, որոնց գրեթե մեկ երրորդն ապրում է ԱՄՆ-ում: Սան Ֆրանցիսկոյում, որը գտնվում է Սիլիկոնյան հովտի հարևանությամբ, առանձնատների միջին գինը հասել է 2.1 մլն դոլարի՝ տարեկան աճելով գրեթե 25%-ով:
Հարստանալուց հետո նոր սերնդի ձեռնարկատերերը ներդրումներ են կատարում անհատականացված մասնավոր ինքնաթիռների, սուպերքարերի և զբոսանավերի մեջ, սակայն նախընտրում են գործնականությունն ու գաղտնիությունը՝ հրաժարվելով ավանդական շքեղության ցուցադրական տարրերից: Շատերը վճարում են նաև կրիպտոարժույթներով:
Flexjet-ում նշում են, որ ԱԲ ոլորտի հաջողությունների շնորհիվ հաճախորդների միջին տարիքը նվազել է շուրջ տասը տարով: Իսկ EnterJet-ի տվյալներով՝ նոր հաճախորդները նախընտրում են ամրագրումները կատարել հավելվածների կամ WhatsApp-ի միջոցով և չեն ցանկանում երկար սպասել կամ օգտվել միջնորդներից:
Ավտոմոբիլային շուկայում երիտասարդ միլիարդատերերը մեծ պահանջարկ են ստեղծում Lamborghini Urus-ի, Ferrari-ի, Porsche-ի և անհատականացված Rolls-Royce Cullinan-ի նկատմամբ՝ առաջնահերթություն տալով բացառիկ դիզայնին և լայն հնարավորություններին:
Զբոսանավերի շուկայում ևս նկատվում է նոր միտում. Nvidia-ի աշխատակիցներն ու ներդրողները նախընտրում են ոչ թե «լողացող պալատներ», այլ արագ, ֆունկցիոնալ նավեր՝ մեծ հեռահարությամբ: Princess Yachts-ը հայտնում է ԱՄՆ-ի արևմտյան ափին և Ֆլորիդայում պահանջարկի աճի մասին, իսկ հաճախորդները պատվիրում են Technogym մարզասարքեր, Peloton հեծանիվներ և Starlink արբանյակային ինտերնետ:
Ըստ ոլորտի ներկայացուցիչների՝ նոր սերնդի հարուստների համար առաջնահերթ են առողջ ապրելակերպը, արդյունավետությունը, անհատականացումը և գաղտնիությունը, այլ ոչ թե ցուցադրական շքեղությունը:
Աղբյուր՝ b24.am
