Կառավարությունը նախատեսում է Արարատի և Արմավիրի մարզերի 135 ձկնաբույծներին 450 միլիոն դրամ աջակցություն տրամադրել՝ փոխհատուցելով այս տարվա առաջին կիսամյակում ձեռք բերված ձկան կերի մեկ ամսվա միջին արժեքի 20%-ը:
Աջակցություն ստանալու համար դիմումների ընդունումն այս շաբաթ մեկնարկել է։ Էկոնոմիկայի նախարարի մամուլի խոսնակ Լիլիթ Շաբոյանն «Ազատությանն» ասաց՝ դիմողներ արդեն կան, բայց դրանց թիվը դեռ մեկ տասնյակի էլ չի հասել:
«Կարող ենք փաստել, որ հետաքրքրությունը ծրագրի նկատմամբ բավականին մեծ է, ուղղակի հաշվի առնելով, որ նոր է ընդունվել ծրագիրը, և այդքան էլ նրանք ծանոթ չեն, հիմա աշխատում են մեր մասնագետների հետ, որպեսզի կարողանան ամբողջ անհրաժեշտ փաստաթղթերն հավաքել, և ներկայացնել դիմումները, որոնց ամփոփվելուց հետո արդեն կունենանք նաև շահառուներ»,- ասաց Էկոնոմիկայի նախարարության խոսնակը:
Կառավարությունը ձկնաբույծներին աջակցելու որոշումն ընդունեց այն բանից հետո, երբ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարեց, որ Հայաստանը Եվրոպական հանձնաժողովից պաշտոնապես թույլտվություն է ստացել Եվրամիության երկրներ սառեցված ու վերամշակված ձուկ և ձկնամթերք արտահանելու համար:
«Էլեկտրոնային եղանակով գնալու են ՍԱՏՄ բիզնեսից, որից հետո ընթացակարգեր կա երեք օրվա ընթացքում, հետո 15 օրվա ընթացքում ՍԱՏՄ-ն համապատասխան ստուգումներ կիրականացնի, որից հետո այդ փաստաթղթերը, երբ արդեն կուղարկվի Եվրոպական համակարգ, այնտեղից մեր տնտեսվարողը ստանալու է կոդ, որի մեջ այդ ամբողջ պատմությունը կա»,- հայտնել է նախարարը:
Հետո Արարատի և Արմավիրի մարզերի ձկնաբույծները բողոքի ակցիա արեցին կառավարության շենքի դիմաց։ Պնդում էին՝ շուրջ 30 տարի ձուկը ռուսական շուկա են տարել և մեկ օրում չեն կարող արտահանումը վերաուղղել դեպի Եվրոպա։ Առավել ևս կուտակված ֆինանսական պարտավորությունների պայմաններում, երբ Ռուսաստանն արգելել է հայկական ձկան ներմուծումը:
«Շատ ծանր է մեր վիճակը»
Ձկնաբույծների միության վարչության անդամ «Մաքս ֆիշ» ընկերության սեփականատեր Արմեն Կարապետյանից հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք այս աջակցությունը կմեղմի իրենց խնդիրները, ասում է.- «Դա ժամանակավոր է, դա ընդամենը օգնում են, որ մի քիչ ուշ մահանանք, էլի շնորհակալություն, բայց հիմա իրոք շատ ծանր է մեր վիճակը»:
Ձկնաբույծներն այսօր փակ հանդիպում ունեին, հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել անելիքներից։ Հանդիպման մասնակիցներից էր Արմեն Կարապետյանը։ Նրա հիմնած «Մաքս ֆիշը» գործում է 2012 թվականից, Հայաստանի խոշոր ձկնաբույծներից է:
Գործարարն ասաց՝ ինքն ու մյուս տնտեսվարողները պատրաստվում են օգտվել կառավարության աջակցության ծրագրից, փաստաթղթերն են կարգավորում:
«135 ձկնաբուծարան դիմելու է, որը հասցրել է դիմել է։ Ինձ թվում է՝ բոլորն էլ ստանալու են աջակցություն ժամանակավոր պահպանման համար, որովհետև իրոք շատ ծանր է մեր վիճակը»:
Բայց կոնկրետ իր ընկերության՝ «Մաքս ֆիշի» համար մեկանգամյա այս աջակցությունն, ըստ նրա, բավարար չէ։ Կուտակված ֆինանսական խնդիրներն ասում է՝ այնքան շատ են, որ եթե իրավիճակը չփոխվի, կսնանկանա:
«Եթե չհասցնենք ծկան ավելցուկը, որը մենք հույսով արտադրել ենք, որ Ռուսաստան պետք է արտահանենք, վարկերը չփակենք, մենք երևի չդիմանանք։ Ես կոնկրետ կարող եմ անգամ սնանկանալ, որովհետև եթե չկարողացանք հանենք, ուրիշ տարբերակ չեմ տեսնում»,- ասում է Արմեն Կարապետյանը:
Աղբյուր՝ www.azatutyun.am
