Bankomat

400 միլիոն դոլար բյուջեով TRIPP հիմնադրամ՝ բիզնեսմեն Կոնստանտին Սոկոլովի ղեկավարությամբ

Լուրեր | 2026/08/06 01:02

400 միլիոն դոլար բյուջեով TRIPP հիմնադրամ՝ բիզնեսմեն Կոնստանտին Սոկոլովի ղեկավարությամբ

Կոնստանտին Սոկոլովը Երևանում քննարկել է TRIPP նախագծի հարցերը

Հայաստանում է «TRIPP+ առևտրային հիմնադրամի» ղեկավար Կոնստանտին Սոկոլովը: Ավելի քան 400 միլիոն դոլար բյուջե ունեցող ամերիկյան հիմնադրամի ղեկավարի պաշտոնում սա ամերիկացի պաշտոնյայի առաջին այցն է Երևան: Կոնստանտին Սոկոլովին, ինչպես նաև ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհրդական Արյե Լայթսթոունին այսօր Երևանում ընդունել են վարչապետ Նիկոլ Փաշինյանը, իսկ դրանից առաջ արտգործնախարար Արարատ Միրզոյանը:

Ե՛վ կառավարությունը, և՛ Արտաքին քաղաքական գերատեսչությունը տեղեկացնում են, որ կողմերը քննարկել են TRIPP նախագծի կյանքի կոչմանը վերաբերող հարցեր:

Վարչապետի Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը, զրուցակիցները «վստահություն են հայտնել, որ տեխնիկական հարցերի լուծման արդյունքում առաջիկայում էլ ավելի տեսանելի կլինեն այդ ուղղությամբ իրականացվող գործնական քայլերը»։ Արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը կողմերն ընդգծել են երկուստեք շահագրգռվածությունը՝ ծրագիրը սեղմ ժամկետներում իրականացնելու համար:

Կոնստանտին Սոկոլովը հետաքրքրված է ոչ միայն Հայաստանի կապի ոլորտով, այլև հանքերով

Ի տարբերություն, ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհրդականի, «TRIPP+ առևտրային հիմնադրամի» ղեկավարը Կոնստանտին Սոկոլովը մեկ անգամ արդեն հասցրել է լինել Հայաստանում՝ իբրև ներդրող ու անգամ հանդիպել վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

ԽՍՀՄ-ում ծնված, ապա Չիկագո տեղափոխված ամերիկացի ներդրողը, որ արևմտյան մամուլում առավել հայտնի իբրև նախագահ Թրամփի աջակից և Հանրապետական կուսակցության շռայլ դոնոր, վերջին անգամ Հայաստանում էր 2024-ին՝ որպես «ՄՏՍ-Հայաստան»-ի բաժնետեր:

Հայաստանի ամենամեծ կապի օպերատորի բաժնետոմսերի ձեռքբերումից հետո, «ՄՏՍ-Հայաստան»-ի բաժնետերերը որոշեցին իրենց բաժնետոմսերի 20 տոկոսը նվիրաբերել պետությանը, թե ինչի՞ դիմաց, այդպես էլ անհասկանալի մնաց:

Սոկոլովի բիզնես հետաքրքրությունները, սակայն, հայաստանյան կապի ոլորտով չավարտվեցին, նրա ղեկավարած ամերիկյան «Դայնեմիք ֆրոնտիեր հոլդինգս» ընկերությունը վերջերս գնեց նաև Թեղուտի պղնձամոլիբդենային հանքը:

ԱՄՆ-ը կրկնապատկել է TRIPP հիմնադրամի բյուջեն

Ի դեպ, «TRIPP+ առևտրային հիմնադրամի» ղեկավար Սոկոլովի Երևան ժամանելուց շաբաթներ առաջ ԱՄՆ կառավարությունը կրկնապատկել է հիմնադրամի բյուջեն՝ 201 միլիոն դոլարից հասցնելով 402 միլիոնի:

Ըստ ամերիկյան կառավարության կայքէջի՝ տրամադրված դրամաշնորհի օգտագործման վայր նշված է Հայաստանը, իսկ գումարը պետք է իրացվի առաջիկա տասը տարում՝ մինչև 2036 թվականի դեկտեմբերը:

TRIPP համաձայնագիրն ուղարկվել է Սահմանադրական դատարան

Այսօր «Ազատություն»-ը տեղեկացավ, որ ԱՄՆ-ի և Հայաստանի միջև հունիսի 4-ին ստորագրված TRIPP համաձայնագիրն արդեն ուղարկվել է Սահմանադրական դատարան:

Եթե ՍԴ-ն միջազգային համաձայնագրի դրույթները Սահմանադրությանը համապատասխանող ճանաչի, այն արդեն կուղարկվի Ազգային ժողով՝ վավերացման:

Աղբյուր՝ www.azatutyun.am

Տարածել

Կարդացեք նաեվ