Bankomat

Զառիթափում ոսկու կորզման հարստացուցիչ ֆաբրիկա ու պոչամբար կառուցելու ծրագիրը մերժվել է

Լուրեր | 2026/06/30 13:00

Զառիթափում ոսկու կորզման հարստացուցիչ ֆաբրիկա ու պոչամբար կառուցելու ծրագիրը մերժվել է

Շրջակա միջավայրի նախարարությունը մերժել է ծրագիրը

Վայոց ձորի մարզի Վայք համայնքի Զառիթափ բնակավայրում ոսկու կորզման հարստացուցիչ ֆաբրիկայի և պոչամբարների կառուցման նախագիծը բացասական եզրակացություն է ստացել: Չնայած Վայքի ավագանին հունիսի 4-ին նախնական համաձայնություն էր տվել գործարանի կառուցմանը, Շրջակա միջավայրի նախարարությունը «ՋիԷմԷն գոլդ մայնինգ» ՍՊԸ-ի հայտը մերժել է գործունեության իրականացմանը խոչընդոտող մի շարք հանգամանքներ վկայակոչելով:

Ինչ էր նախատեսվում Զառիթափում

Հատուկ քննչական ծառայության աշխատակազմի նախկին ղեկավար Դավիթ Սուքիասյանն ուզում էր շահագործել Սոֆի-Բինայի և Ազատեկի ոսկի-բազմամետաղների հանքերը, իսկ հումքը վերամշակել տեղում` հարստացուցիչ ֆաբրիկայի միջոցով:

Նրան պատկանող (50% բաժնեմաս) «ՋիԷմԷն գոլդ մայնինգ» ընկերությունն արդեն Սոֆի-Բինայում աշխատանքներ էր տարել, սակայն Ազատեկի հանքավայրի շահագործման թույլտվություն նրան դեռևս չի տրամադրվել:

Ընկերությունը զուգահեռաբար նախատեսել էր Զառիթափ բնակավայրի տարածքում կառուցել և շահագործել ոսկու կորզման հարստացուցիչ ֆաբրիկա և երկու պոչամբար: Դրանք նախատեսված էին Արփա գետի ձախակողմյան վտակ Փշոնքի (Վայք) գետավազանում:

Ֆաբրիկան զբաղեցնելու էր 3 հա տարածք, իսկ պոչամբարները` 9 հա:

Ինչպես է հիմնավորվել պետական փորձաքննական բացասական եզրակացությունը

Ընկերությանը պահանջ էր առաջադրվել` ներկայացնել նաև հարստացուցիչ ֆաբրիկայի կառուցապատման նախագծային լուծումները, սակայն ընկերությունը չի ներկայացրել դրանք:

Պոչամբարների կառուցման նախագիծը չի բխել Կառավարության որոշումից կամ դրա պահանջներից:

Շրջակա միջավայրի նախարարությունը նշել է, որ ընկերությունը չի ներկայացրել նաև ռիսկերի կառավարման մեխանիզմները, ինչի արդյունքում վտանգների նվազեցման և վերահսկման արդյունավետությունը գնահատվել է անորոշ:

Այս բոլոր հիմնավորումներով ընկերության հայտին տրվել է բացասական փորձաքննական պետական եզրակացություն:

Աղբյուր՝ hetq.am

Տարածել

Կարդացեք նաեվ