
The Wall Street Journal-ը գրում է, որ դիզելային վառելիքի համաշխարհային շուկայում ամենախոցելի օղակը դարձել են նավթավերամշակման գործարանները։ Իրանի և Ուկրաինայի շուրջ զարգացումները ցույց են տվել, թե որքան մեծ է աշխարհի կախվածությունը Մերձավոր Արևելքից և Ռուսաստանից եկող մատակարարումներից։
Պարբերականի տվյալներով՝ դիզելի գները կտրուկ բարձրացել են։ Այս ամիս ԱՄՆ-ում դրանք առաջին անգամ անցել են մեկ գալոնի դիմաց 6 դոլարը և շարունակել աճը՝ հասնելով 6.45 դոլարի։ Սա ճնշում է գործադրում կառավարությունների և շուկաների վրա, քանի որ դիզելային վառելիքը առանցքային նշանակություն ունի արդյունաբերության, բեռնափոխադրումների և գյուղատնտեսության համար։
WSJ-ը նշում է, որ վառելիքի պակաս արդեն նկատվում է Բրազիլիայի գյուղական շրջաններում, Լիբիայի լցակայաններում և աֆրիկյան մի շարք երկրներում, որոնք չեն կարողանում նման գներով ներկրել դիզել։ Միաժամանակ, Հորմուզի նեղուցում խափանումները և Ուկրաինայի հակամարտությունը խաթարել են առևտրային հոսքերը։
Հրատարակության փոխանցմամբ՝ Քուվեյթը, ԱՄԷ-ն և Իրաքը ստիպված են եղել կտրուկ կրճատել դիզելի արտահանումը։ Վերջին շաբաթներին հութիների հարձակումներն էլ սահմանափակել են Սաուդյան Արաբիայի արտահանումը Կարմիր ծովի ափին գտնվող նավթավերամշակման գործարաններից՝ հարվածելով երկրի այն գլխավոր երթուղուն, որը շրջանցում է Հորմուզի նեղուցը։
Միջազգային էներգետիկ գործակալության տվյալներով՝ Պարսից ծոցում արգելափակված դիզելի ծավալը մոտ երեք անգամ գերազանցում է ռուսական այն մատակարարումների չափը, որը շուկայից դուրս էր մնացել Իրանում պատերազմի սկսվելուց առաջ ընկած ժամանակահատվածի համեմատ։
WSJ-ը նաև հիշեցնում է, որ փետրվարին ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումը Իրանի վրա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ Մերձավոր Արևելքում ավարտվել էր նավթավերամշակման գործարանների կառուցման ակտիվ տասնամյակ։ Պարբերականի գնահատմամբ՝ տարածաշրջանի ազգային նավթային ընկերությունների նախագծերը 2017-2025 թվականներին ավելի քան կրկնապատկել են Մերձավոր Արևելքից դիզելի արտահանումը, և այդ ընթացքում տարածաշրջանին բաժին է ընկել համաշխարհային արտահանման 19%-ը։
Ռուսաստանը ևս մեծացրել էր դիզելի արտադրությունը՝ հիմնականում գործող հզորությունների արդիականացման հաշվին, ոչ թե նոր գործարանների կառուցմամբ։ 2017-2023 թվականներին արտահանումը աճել էր մեկ երրորդով, սակայն հետո Ուկրաինան անօդաչու թռչող սարքերի հարվածներով սկսեց շարքից հանել ռուսական նավթավերամշակման հզորությունները։
Հոդվածում նշվում է նաև մեկ այլ հետևանք. Մերձավոր Արևելքում կատարված խոշոր ներդրումները մեծացրել են ճնշումը ԱՄՆ-ում և Եվրոպայում նավթավերամշակման մարժաների վրա։ Արևմտյան նավթային ընկերությունները գրեթե 30 տարի նոր նավթավերամշակման գործարաններ չեն կառուցել, իսկ 2015 թվականից ի վեր ԱՄՆ-ում և Եվրոպայում փակվել է ավելի քան մեկ տասնյակ նման օբյեկտ։
Արևմուտքի նավթավերամշակման գործարանները աշխատել են գրեթե առավելագույն ծանրաբեռնվածությամբ և կենտրոնացել դիզելի արտադրության վրա՝ մասամբ նվազեցնելով բենզինի և ավիացիոն վառելիքի արտադրությունը։ Սակայն, WSJ-ի գնահատմամբ, դա բավարար չի եղել Մերձավոր Արևելքից և Ռուսաստանից առաջացած բացը լրացնելու համար։
Իրանում և Ուկրաինայում հակամարտությունների պայմաններում ԱՄՆ-ն մնացել է դիզելային վառելիքի և նավթավերամշակման այլ արտադրատեսակների միակ խոշոր արտադրողը։ Այդուհանդերձ, երկրում այժմ ավելի ակտիվ է քննարկվում վառելիքի արտահանումն արգելելու գաղափարը՝ միջանկյալ ընտրություններից առաջ գները նվազեցնելու նպատակով։
Թերթը զգուշացնում է, որ եթե ԱՄՆ-ը գնա այդ քայլին, դա, հավանաբար, կհանգեցնի գների նոր կտրուկ աճի ամբողջ աշխարհում և կարող է դրդել դիզելի մյուս խոշոր արտահանողներին, այդ թվում՝ Չինաստանին և Հնդկաստանին, գնալ նույն ճանապարհով։ Ռուսաստանն արդեն էապես սահմանափակել է արտահանումը՝ իր նավթավերամշակման գործարաններին հասցված վնասի պատճառով։
«Մենք ականատես ենք լինում դիզելային վառելիքի շուկայի ձևավորմանը, որն ավելի խիստ է, քան երբևէ նախկինում», - հայտարարել են ՄԷԳ-ից։
Աղբյուր՝ b24.am
