
Վրաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը 2026 թվականի հունվար-օգոստոսին անցել է 2 մլրդ դոլարի սահմանը՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 19.1%-ով։ Տվյալները հրապարակել է Վրաստանի ազգային վիճակագրական ծառայությունը։
Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ հաշվետու ամիսներին Ռուսաստանից Վրաստան ներմուծվել է մոտ 1.5 մլրդ դոլարի ապրանք։ Սա 24.9%-ով ավելի է, քան մեկ տարի առաջ։ Միևնույն ժամանակ, Վրաստանից Ռուսաստան արտահանումն աճել է 4.1%-ով և կազմել 500.7 մլն դոլար։
Ռուսաստանը Վրաստանի խոշորագույն արտաքին առևտրային գործընկերների թվում զբաղեցրել է երրորդ տեղը՝ 11.3% մասնաբաժնով։ Առաջին երկու տեղերում են Թուրքիան՝ 2.25 մլրդ դոլարի ապրանքաշրջանառությամբ, և Չինաստանը՝ մոտ 2.04 մլրդ դոլարով։
Ընդհանուր առմամբ, Վրաստանի արտաքին առևտրաշրջանառությունը 2026 թվականի հունվար-օգոստոսին կազմել է 17.93 մլրդ դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 8.4% աճ է։ Այդ ընթացքում երկրի արտահանումն ավելացել է 22.1%-ով՝ հասնելով 5.42 մլրդ դոլարի, իսկ ներմուծումն աճել է 3.4%-ով՝ մինչև 12.5 մլրդ դոլար։
Երկրի արտաքին առևտրի բացասական հաշվեկշիռը կազմել է 7.08 մլրդ դոլար կամ ընդհանուր արտաքին առևտրաշրջանառության 39.5%-ը։ Վրաստանի 10 խոշորագույն առևտրային գործընկերներին բաժին է ընկել արտաքին առևտրի ընդհանուր ծավալի 65.7%-ը։ Թուրքիայից, Չինաստանից և Ռուսաստանից բացի, այդ ցանկում ընդգրկված են ԱՄՆ-ն, Ադրբեջանը, Գերմանիան և Հայաստանը։
Աղբյուր՝ b24.am
