
Toyota Motor-ը պատրաստվում է լայնածավալ ռոբոտացման ծրագիր սկսել իր ձեռնարկություններում ամբողջ աշխարհում։ Nikkei-ի փոխանցմամբ՝ կորպորացիան նախատեսում է շուրջ 40 հազար մարդանման ռոբոտ ներմուծել արտադրություն, որոնք աշխատելու են մարդկանց հետ նույն գծերում։
Ծրագրի մեկնարկը նախատեսված է 2028 թվականին։ Գործարանների արդիականացման համար ընկերությունը տարեկան կուղղի 1 տրլն իեն, ինչը կազմում է գրեթե 6.4 մլրդ դոլար։
Toyota Motor-ը աշխարհում ունի 60 գործարան, որտեղ աշխատում է 18 հազար բարձր որակավորում ունեցող հաստիքային աշխատակից։ Ընկերության հաշվարկով՝ նոր ռոբոտները պետք է բարձրացնեն այդ անձնակազմի աշխատանքի արդյունավետությունը, այլ ոչ թե դուրս մղեն մարդկանց արտադրությունից։
Հրապարակման համաձայն՝ սարքերը կարող են ինքնուրույն սովորել և ընտրել առաջադրանքների կատարման օպտիմալ եղանակները։ Ռոբոտների մի մասն արդեն ներգրավված է առանձին հավաքման գծերում, որտեղ դրանք կրկնօրինակում են մարդկանց գործողությունները և կատարում ավելի նուրբ ու բարդ աշխատանքներ։
Toyota Motor-ը հետագայում դիտարկում է ռոբոտների կիրառումը նաև նոր աշխատակիցների ուսուցման գործընթացում՝ որպես հրահանգիչներ։ Կորպորացիայի ղեկավարությունը շեշտում է, որ ռոբոտները նախատեսված են մարդկանց հետ սերտ համագործակցության և միասնական թիմում աշխատանքի համար, ոչ թե նրանց փոխարինելու։

Աղբյուր՝ b24.am
