
ԱՄՆ-ի Վիրջինիա նահանգում գործող Overview Energy ստարտափը պնդում է, որ կարող է տիեզերքից ստացված արևային էներգիան էլեկտրացանց հասցնել արդեն 2028 թվականի հունվարին։ Ընկերության գնահատմամբ՝ ուղեծրում տեղադրված արևային վահանակները կարող են անընդհատ արևի լույս հավաքել, իսկ արտադրված էներգիան Երկիր փոխանցվել հզոր լազերների կամ միկրոալիքային ճառագայթների միջոցով՝ կախված կիրառվող տեխնոլոգիայից։
Ընկերության համահիմնադիր և համագլխավոր տնօրեն Darko Filipi-ն Washington Post-ին ասել է, որ Overview Energy-ն հավատում է՝ այս մոտեցմամբ կարող է ապահովել կոմունալ մասշտաբի հոսանք։ Նրա խոսքով՝ ընկերությունը միայնակ ի վիճակի է առաջիկա տասնամյակում փակել ԱՄՆ-ում էներգիայի պահանջարկի աճի մեկ քառորդը։
Չորս տարվա պատմություն ունեցող ստարտափն այս տարվա սկզբին պայմանագիր է կնքել Meta-ի հետ՝ տեխնոլոգիական ընկերությանը մինչև 1 գիգավատտ տիեզերական արևային էներգիա մատակարարելու վերաբերյալ։ Դա մոտավորապես համարժեք է մեկ միջուկային ռեակտորի արտադրողականությանը։ Սակայն այդ համաձայնությունը հիմնված է տեխնոլոգիայի վրա, որը դեռ գործնական պայմաններում փորձարկված չէ։
Չնայած աճող հետաքրքրությանը՝ ոլորտի հեռանկարների շուրջ տարակարծություններ կան։ Ամենաօպտիմիստական գնահատականներով անգամ տիեզերական արևային էներգիան ծախսային առումով մրցունակ չի դառնա մինչև 2040 թվականը։ Stanford-ի ֆիզիկոս և RMI վերլուծական կենտրոնի համահիմնադիր Amory Lovins-ը Washington Post-ին ասել է, որ տեխնոլոգիան կարող է աշխատել, բայց ինքը լուրջ կասկածներ ունի դրա տնտեսագիտական արդյունավետության վերաբերյալ։ Նրա կարծիքով՝ միջուկային և երկրաջերմային էներգիայի նման արդեն փորձարկված տարբերակները կարող են էլեկտրաէներգիա արտադրել զգալիորեն ավելի էժան։
Այնուամենայնիվ, հետաքրքրությունը չի մարում։ Հոդվածում նշվում է, որ արհեստական բանականության զարգացման հետևանքով տվյալների խոշոր կենտրոնների էներգետիկ պահանջարկի արագ աճը խթանում է նոր լուծումների որոնումը։ Հանրային և մասնավոր ներդրողները ավելի հաճախ ընտրում են «բոլոր հնարավոր տարբերակների» մոտեցումը՝ ֆինանսավորելով նաև նոր և դեռ ձևավորվող տեխնոլոգիաներ։
Այս ուղղության հիմնական խթաններից մեկը հողային ռեսուրսների սահմանափակությունն է։ Խոշոր արևային և հողմային նախագծերի համար անհրաժեշտ են մեծ տարածքներ, իսկ մի շարք գյուղական համայնքներում նման նախագծերի նկատմամբ դիմադրությունը մեծանում է։ McKinsey & Company-ի 2022 թվականի զեկույցի համաձայն՝ կոմունալ մասշտաբի արևային և հողմային կայանները մեկ միավոր հզորության հաշվով պահանջում են առնվազն տասն անգամ ավելի շատ տարածք, քան ածխով կամ բնական գազով աշխատող էլեկտրակայանները՝ ներառյալ վառելիքի արտադրության և տեղափոխման համար օգտագործվող հողը։
Այդ ֆոնին տիեզերքում արևային վահանակներ տեղադրելու գաղափարը մշակողների համար գրավիչ է թվում։ Overview Energy-ը պնդում է, որ կարող է ԱՄՆ-ում նոր էներգապահանջարկի մեկ քառորդը բավարարել՝ առանց ցամաքում նոր շինարարության անհրաժեշտության։ Բացի այդ, եթե նման համակարգերն աշխատեն նախատեսված ձևով, արբանյակները կկարողանան էներգիա ուղարկել այն ցանցերին, որտեղ այն առավել անհրաժեշտ է, և դա կարող է փոխել էներգետիկ անվտանգության հաշվեկշիռը։
Աղբյուր՝ oilprice.com
