Bankomat

Team-ը «Գիտության շաբաթվա» տեխնոլոգիական գործընկերն է

Լուրեր|2026/09/23 06:01
Team-ը «Գիտության շաբաթվա» տեխնոլոգիական գործընկերն է

Team Telecom Armenia-ն կաջակցի Հայաստանում անցկացվող գիտական և կրթական միջոցառումների շարքին։

Team Telecom Armenia-ը կմիանա Հայաստանում անցկացվող «Գիտության շաբաթ» նախաձեռնությանը՝ որպես տեխնոլոգիական գործընկեր։ Ընկերության հաղորդմամբ՝ ծրագիրը միտված է գիտության և կրթության հանրահռչակմանը և նախատեսված է միավորել գիտությամբ ու նորարարությամբ հետաքրքրվող հազարավոր մարդկանց։

Ապակենտրոնացված միջոցառումները մեկնարկում են այսօր՝ երկրի տարբեր համայնքներում, իսկ փառատոնային հիմնական հատվածը կանցկացվի սեպտեմբերի 25-26-ին՝ Ազգային գիտությունների ակադեմիայի մասնակցությամբ ERNA փառատոնի շրջանակում։ Վայրը՝ Երևան, Բաղրամյան պողոտա, 24։

Այս տարվա «Գիտության շաբաթը» անցկացվում է «Հետազոտողը մեր յուրաքանչյուրի մեջ է» կարգախոսով։ «Գիտուժ» նախաձեռնության կազմակերպած ծրագրով երեխաները, երիտասարդները և գիտությամբ հետաքրքրվող լայն հանրությունը հնարավորություն կունենան գիտությունը բացահայտել փորձերի, խաղերի, մրցույթների, ֆիլմերի, քննարկումների և այլ ինտերակտիվ ձևաչափերի միջոցով։

Team Telecom Armenia-ի առևտրային տնօրեն Տիգրան Ֆրանգյանի խոսքով՝ գիտության նկատմամբ հետաքրքրությունը ձևավորվում է այն ժամանակ, երբ մարդը միայն չի լսում կամ կարդում, այլ նաև փորձում է, հարցեր տալիս և ինքնուրույն բացահայտումներ անում։ Նրա գնահատմամբ՝ հենց այդ մոտեցումն է «Գիտության շաբաթը» դարձնում կարևոր հարթակ, և ընկերությունը պատրաստ է իր տեխնոլոգիական հնարավորություններով նպաստել գիտելիքի տարածմանն ու նոր գաղափարների զարգացմանը։

Ֆրանգյանը նաև նշել է, որ Team-ի ռազմավարական առաջնահերթություններից մեկն ի սկզբանե եղել է այնպիսի միջավայրի ձևավորմանը աջակցելը, որտեղ գիտությունն ու նորարարությունը հասանելի և գրավիչ կլինեն հատկապես երիտասարդ սերնդի համար։

«Գիտության շաբաթ 2026»-ի ծրագրում ներառված են գիտափորձեր և ուսումնական առաջադրանքներ տարբեր տարիքային խմբերի համար, գիտաֆանտաստիկ պատմվածքների մրցույթ, ֆիլմերի ցուցադրություններ, թանգարանային միջոցառումներ, առցանց խաղեր և քննարկումներ՝ գիտության, արհեստական բանականության և նորարարությունների թեմաներով։

Ընկերությունում ընդգծում են, որ գիտության, կրթության և նորարարության ոլորտների նախաձեռնություններին աջակցությունը Team Telecom Armenia-ի համար երկարաժամկետ ուղղություն է։ Ընկերությունը հատկապես կարևորում է այն հարթակները, որոնք երիտասարդներին հնարավորություն են տալիս զարգացնել հետազոտական մտածողությունը, հետաքրքրվել տեխնոլոգիաներով և սեփական գաղափարները վերածել նոր լուծումների։

ՕАО «Տելեկոմ Հայաստան»-ն (ապրանքանիշը՝ Team Telecom Armenia) հայկական ընկերություն է, որը զբաղեցնում է առաջատար դիրքեր երկրի հեռահաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում։ Որպես Հայաստանում առաջին հեռահաղորդակցական ցանցի ժառանգորդ՝ ընկերությունն ունի այս ոլորտում ծառայությունների մատուցման 100-ամյա պատմություն։ Team-ը ծառայություններ է մատուցում ինչպես անհատ, այնպես էլ կորպորատիվ հաճախորդներին և հայտարարում է, որ շարունակում է արդիականացնել շարժական և ֆիքսված կապի ցանցերը, ինչպես նաև գործարկել նոր միջազգային ալիքներ՝ Հայաստանում ինտերնետի հուսալիությունն ու անվտանգությունն ամրապնդելու համար։

Աղբյուր՝ finport.am

Տարածել

Կարդացեք նաեվ