ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնում քննարկվել են շուկայի վերահսկողության ոլորտում թվայնացման և արհեստական բանականության կիրառման ուղղությունները, ինչպես նաև միջազգային համագործակցության ընդլայնման հնարավորությունները։
Տեսչական մարմնի հաղորդագրության համաձայն՝ կառույցի ղեկավար Արմեն Կոտոլյանը հանդիպել է ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի ներկայացուցիչ Լանս Թոմփսոնի հետ։ Վերջինս ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի Կարգավորումների համագործակցության բաժնի ղեկավարն է և WP.6 աշխատանքային խմբի քարտուղարը։
Կողմերը քննարկել են շուկայի վերահսկողության համակարգում թվային գործիքների կիրառումը, արհեստական բանականության հնարավոր դերակատարությունը և համագործակցության հետագա ձևաչափերը։
Հանդիպման օրակարգում եղել է նաև «Gender Mainstreaming in Quality Infrastructure» արտաբյուջետային ծրագրի շրջանակում նախատեսվող համագործակցությունը։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ Լանս Թոմփսոնը բարձր է գնահատել տեսչական մարմնի ներգրավվածությունը ՄԱԿ ԵՏՀ WP.6-ի RAMS՝ Ռիսկերի կառավարման և շուկայի վերահսկողության խմբի աշխատանքներում։
Հանդիպումից հետո անցկացվել է կարողությունների զարգացման դասընթաց։

Աղբյուր՝ www.1in.am
