Bankomat

Repsol-ի հում նավթի մատակարարումների մեծ մասը չի համապատասխանի ԵՄ նոր կանոններին

Լուրեր|2026/09/25 17:15
Repsol-ի հում նավթի մատակարարումների մեծ մասը չի համապատասխանի ԵՄ նոր կանոններին

Ընկերությունը զգուշացնում է, որ պահանջների լիարժեք պահպանումը կարող է հարվածել հումքի ապահովմանը և վերամշակմանը։

Իսպանական Repsol SA-ն հայտարարել է, որ իր հում նավթի մատակարարումների շուրջ 90%-ը, ամենայն հավանականությամբ, չի համապատասխանի Եվրոպական միության մեթանի արտանետումների վերաբերյալ նոր պահանջներին։ Խոսքը վերաբերում է այն կանոններին, որոնց համաձայն ներմուծողները պետք է հաստատեն, որ ԵՄ ներմուծվող հում նավթը, բնական գազն ու ածուխը արդյունահանվել են մեթանի արտանետումների մոնիթորինգի, հաշվետվողականության և ստուգման սահմանված չափանիշներին համապատասխան։

Ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Լուիս Կաբրան ասել է, որ այս պահին Repsol-ը կարողացել է համապատասխանությունը հաստատել հում նավթի մատակարարումների ընդամենը 10–15%-ի համար։ Նրա խոսքով՝ ընկերությունը շարունակում է պայմանագրեր կնքել նաև այն դեպքերում, երբ մատակարարները հրաժարվում են տրամադրել ԵՄ կանոնակարգով պահանջվող տեղեկությունները կամ պայմանագրերում ներառել համապատասխան դրույթներ։

Կաբրան պարզաբանել է, որ նման քայլը Repsol-ը կատարում է գործնական անհրաժեշտությունից ելնելով։ Եթե ընկերությունը հրաժարվի նման մատակարարումներից, ապա իր նավթավերամշակման գործարանները կարող են մնալ առանց բավարար հումքի։ «Այո, ես դա անում եմ։ Ես պարտավոր եմ դա անել։ Հակառակ դեպքում ստիպված կլինեմ կանգնեցնել նավթավերամշակման գործարանը», — ասել է նա։

Ընկերության գնահատմամբ՝ խնդիրը միայն պատժամիջոցների հարցը չէ։ Թեև Եվրոպական հանձնաժողովը անդամ երկրներին խորհուրդ է տվել երեք տարի ձեռնպահ մնալ կանոնակարգի խախտման համար ֆինանսական պատժամիջոցներ կիրառելուց՝ էներգետիկ անվտանգությունը պաշտպանելու նպատակով, հիմնական պահանջները շարունակում են ուժի մեջ մնալ։ Repsol-ում մտավախություն ունեն, որ այդ պայմաններում հնարավոր են նաև դատական հայցեր։

Լուիս Կաբրայի խոսքով՝ տուգանքների բացակայությունը չի նշանակում, թե ներմուծումները համարվում են կանոններին համապատասխան։ Նրա գնահատմամբ՝ ցանկացած կողմ կարող է դատարանում վիճարկել այն փաստը, որ ընկերությունները ներմուծում են գործող կանոնակարգին չհամապատասխանող նավթ։ Այդ պատճառով Repsol-ը համապատասխան մարմիններին արդեն նամակ է ուղարկել՝ վերապահելով իր օրինական իրավունքները հնարավոր պատասխանատվության դեպքում, և պատրաստ է դատարանում վիճարկել կարգավորողների գործողությունները, եթե պատասխանատվության ենթարկվի այն պահանջների համար, որոնք, իր կարծիքով, գործնականում հնարավոր չէ կատարել։

Խնդրի պատճառներից մեկն այն է, որ նավթի մատակարարները հաճախ չեն ցանկանում փոխել ստանդարտ պայմանագրերը։ Որոշ վաճառողներ հրաժարվում են ներառել դրույթներ, որոնք նրանց կպարտավորեցնեն Repsol-ին տրամադրել մեթանի արտանետումների վերաբերյալ անհրաժեշտ տվյալները։

Այս հարցը կարևոր է նաև Repsol-ի արտադրական կառուցվածքի համար։ Ընկերության հինգ իսպանական նավթավերամշակման գործարանները նախատեսված են ծանր նավթի տեսակների վերամշակման համար, այդ թվում՝ ամերիկյան մայրցամաքի երկրներից, օրինակ՝ Վենեսուելայից մատակարարվող հումքի։ Ավելի թեթև նավթի տեսակների անցումը, ընկերության գնահատմամբ, կվատթարացնի շահութաբերության մարժան, իսկ որոշ դեպքերում կարող է պարզապես անհամատեղելի լինել գործող արտադրական հզորությունների հետ։

ԵՄ-ում կանոնների կիրառման ժամկետների շուրջ քննարկումները շարունակվում են։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին առաջարկել է պահանջների կիրառումը հնարավոր մեկ տարով հետաձգել, իսկ նման երկարաձգում են պահանջել նաև ԵՄ ավելի քան մեկ տասնյակ անդամ երկրներ։ Ակնկալվում է, որ ԵՄ երկրների էներգետիկայի նախարարները Դուբլինում կքննարկեն էներգակիրների հասանելիության և էներգետիկ անվտանգության հարցերը։

Աղբյուր՝ b24.am

Տարածել

Կարդացեք նաեվ