Bankomat

Rate.Trading-ը գործարկվել է արտարժույթի առուվաճառքի համար

Լուրեր|2026/09/25 16:24
Rate.Trading-ը գործարկվել է արտարժույթի առուվաճառքի համար

Rate.am-ն ու IDBank-ը ներկայացրել են արտարժույթի թվային գործարքների նոր հարթակ։

Rate.am-ն ու IDBank-ը գործարկել են Rate.Trading հարթակը, որը նախատեսված է արտարժույթի առուվաճառքի թվային գործարքների համար։ Նախագիծը միտված է ֆինանսական ծառայությունները դարձնել ավելի հասանելի, արագ և արդյունավետ թե՛ ֆիզիկական, թե՛ իրավաբանական անձանց համար։

Հարթակում օգտատերերը կարող են հետևել հասանելի փոխարժեքներին, ընտրել իրենց համար ընդունելի պայմանները կամ առաջարկել նախընտրած փոխարժեքը։ Գործարքը կատարվում է միայն այն դեպքում, երբ Բանկը բավարարում է հայտը տվյալ փոխարժեքով։

rate.am-ի տնօրեն Գևորգ Մամիկոնյանի խոսքով՝ հարթակի ստեղծման հիմքում այն մոտեցումն է, որ թվային ֆինանսական ծառայությունները պետք է արձագանքեն հաճախորդների իրական պահանջներին և շուկայի փոփոխություններին։ Նրա գնահատմամբ՝ նման մասնագիտացված լուծումները հնարավորություն են տալիս փոխարկումներն իրականացնել էականորեն շահավետ փոխարժեքներով, իսկ գործընթացը դարձնել ավելի պարզ, անվտանգ և ժամանակ խնայող։

Այս պահին Rate.Trading-ում հասանելի է տասը արժույթ՝ հայկական դրամը, ԱՄՆ դոլարը, եվրոն, ռուսական ռուբլին, վրացական լարին, ԱՄԷ դիրհամը, բրիտանական ֆունտը, չինական յուանը, ճապոնական իենը և շվեյցարական ֆրանկը։

Հարթակը հասանելի է նաև հավելվածի տեսքով։ Դրան հնարավոր է անցում կատարել նաև Idram&IDBank հավելվածից, ինչը թույլ է տալիս արտարժույթի առուվաճառքն իրականացնել անմիջապես սմարթֆոնից։

Գևորգ Մամիկոնյանը նշել է նաև, որ Rate.Trading-ի պարզ միջերեսը այն հարմար գործիք է դարձնում այն օգտատերերի համար, ովքեր փնտրում են շահավետ փոխարժեքներ և կարևորում են իրենց ժամանակը։ Նրա խոսքով՝ հարթակի գործարկումը նպաստում է նաև ֆինանսական ծառայությունների թվայնացմանը, արտարժույթի շուկայի թափանցիկության բարձրացմանը և ժամանակակից տեխնոլոգիաների առավել լայն կիրառմանը։

Նա հավելել է, որ Rate.Trading-ը գտնվում է շարունակական զարգացման փուլում, և նախատեսվում է այն համալրել արտարժութային գործարքների նոր գործիքակազմով, որպեսզի հաճախորդներն ավելի արդյունավետ կառավարեն իրենց ֆինանսական միջոցները։

Աղբյուր՝ b24.am

Տարածել

Կարդացեք նաեվ