Հայաստանի Պետական եկամուտների կոմիտեն և Միջազգային արժույթի հիմնադրամը կընդլայնեն համագործակցությունը՝ հարկային վարչարարության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով։ Այդ հարցը քննարկվել է ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանի և ԱՄՀ-ի աջակցությամբ Հայաստանում աշխատանք սկսած առաքելությունների ներկայացուցիչների հանդիպմանը։
ՊԵԿ-ի հաղորդմամբ՝ առաքելությունների նպատակը միջազգային առաջավոր փորձի ներդրումն է՝ կատարելագործելու հարկային վարչարարության այն գործընթացները, որոնք ուղղված են չգրանցված աշխատողների բացահայտմանը, ինչպես նաև գնահատելու հարկային մարմնի կարողությունները միջազգային հարկման ոլորտում՝ FITAS գործիքի կիրառմամբ։
Հանդիպման ընթացքում ԱՄՀ ներկայացուցիչները ներկայացրել են առաքելությունների շրջանակում անցկացված հանդիպումների և կատարված աշխատանքի արդյունքները, ինչպես նաև առաջարկություններ՝ ՊԵԿ-ում չգրանցված աշխատողների բացահայտմանն ուղղված հարկային վարչարարության և միջազգային հարկման գործընթացների բարելավման վերաբերյալ։
Նշվում է, որ այդ առաջարկությունները հնարավորություն կտան ՊԵԿ-ում ավելի արդյունավետ և համակարգված ձևով ներդնել միջազգային լավագույն փորձը։
Կողմերը քննարկել են նաև հետագա համագործակցության ուղղությունները՝ միտված ՊԵԿ-ի կարողությունների զարգացմանը՝ հաշվի առնելով ԱՄՀ առաքելությունների արդյունքներն ու ներկայացված առաջարկները։ Այս համատեքստում վերահաստատվել է համագործակցությունը ընդլայնելու պատրաստակամությունը՝ ՊԵԿ վարչարարության արդյունավետության բարձրացման և դրա հետագա կատարելագործման համար։

Աղբյուր՝ finport.am
