Bankomat

Պաշտպանները հայտարարում են, որ Գագիկ Խաչատրյանին չեն թույլատրել զննել Գերմանիայից ժամանած բժշկին

Լուրեր|2026/09/18 20:02
Պաշտպանները հայտարարում են, որ Գագիկ Խաչատրյանին չեն թույլատրել զննել Գերմանիայից ժամանած բժշկին

Փաստաբանների խոսքով՝ նախկին նախագահը 16 օր անց էլ չի ստացել իր վիճակին համապատասխան բուժօգնություն։

ЕАБР: сильная собственная промышленность – ключ к переходу развивающихся экономик в группу высокого дохода

Գերմանիայից Հայաստան ժամանած բժիշկ, պրոֆեսոր, դոկտոր Նիլս Հանսեն Ալգենշտեդտին չեն թույլատրել այցելել կալանքի տակ գտնվող Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին։ Այս մասին ասվում է Խաչատրյանի պաշտպանական խմբի հայտարարության մեջ։

Փաստաբանների փոխանցմամբ՝ 2026 թվականի սեպտեմբերի 18-ի դրությամբ, կալանավորումից և «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ տեղափոխվելուց 16 օր անց, Խաչատրյանը դեռ չի ստացել իր առողջական վիճակին համապատասխան բուժօգնություն՝ չնայած պաշտպանության բազմաթիվ միջնորդություններին։ Հայտարարության համաձայն՝ նրան չեն այցելել բուժող բժիշկը կամ համապատասխան մասնագետը, չեն տեղափոխել մասնագիտացված բուժհաստատություն, և անհրաժեշտ հետազոտություններ չեն իրականացվել։ Տրվել են միայն առանձին ցավազրկողներ։

Պաշտպանական թիմը նշում է, որ առողջական ծանր վիճակի և ինքնուրույն տեղաշարժվելու անկարողության պայմաններում Խաչատրյանին նախորդ դատական նիստերին դատարան են հասցրել պատգարակով՝ կիսագիտակից վիճակում։ Ըստ նույն աղբյուրի՝ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի միջամտությամբ որոշ տեղային լուծումներ ապահովվել են, սակայն նրա կյանքի և առողջության համար վտանգը չի վերացվել։

Ըստ հայտարարության՝ Խաչատրյանի ընտանիքի նախաձեռնությամբ Հայաստան է ժամանել Նիլս Հանսեն Ալգենշտեդտը, որը նախկինում նրան վիրահատել էր։ Փաստաբանները միջնորդել են, որպեսզի բժշկին թույլատրվի այցելել և զննել հիվանդին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում, սակայն տեսակցությունը մերժվել է։

Դատարանի շենքի մոտ լրագրողների հետ զրույցում փաստաբան Երեմ Սարգսյանը հայտնել է, որ միջնորդությունը մերժվել է այն հիմնավորմամբ, թե այլ երկրից ժամանած բժիշկը նախ պետք է ստանա լիազոր մարմնի թույլտվությունը։ Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ խոսքը Խաչատրյանի բուժող բժշկի մասին է, որը պետք է պարզապես զններ նրան և հետո խորհրդատվություն տար։

Սարգսյանի գնահատմամբ՝ այս կերպ փորձ է արվում Խաչատրյանի մոտ չթողնել անկախ բժշկի։ Նրա խոսքով՝ թույլատրում են միայն այն բժիշկներին, որոնց իրենք են ընտրում, մինչդեռ անկախ մասնագետներին տարբեր ձևական պատճառաբանություններով չեն թողնում մոտենալ կալանավորին։

Պաշտպանները հիշեցնում են, որ Գլխավոր դատախազության 2026 թվականի օգոստոսի 29-ի որոշմամբ 2026 թվականի հունիսի 7-ին նախկին նախագահի նկատմամբ հարուցված քրեական գործը փոփոխվել և լրացվել է, ինչպես նաև հարուցվել է նոր հանրային քրեական հետապնդում՝ Քննչական կոմիտեում քննվող վարույթի շրջանակում։ Խաչատրյանը ձերբակալվել է սեպտեմբերի 1-ին այն բանից հետո, երբ ուժայինները խուզարկություններ են անցկացրել նրա բնակարաններում, որդու բնակարաններում, ինչպես նաև նրանց հետ փոխկապակցված 21 ընկերությունների գրասենյակներում և մասնաճյուղերում։

Այս գործողությունները կատարվել են առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման գործերով քրեական վարույթի շրջանակում։ Սեպտեմբերի 2-ին նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է երկու ամիս ժամկետով կալանքը։

Հիշեցնենք նաև, որ սեպտեմբերի 1-ին նախկին նախագահի փաստաբանները հրապարակել էին տեսանյութ, որտեղ երևում էր, թե ինչպես են հիվանդ Խաչատրյանին բառացիորեն հանում անկողնուց և պատգարակով տեղափոխում դատարան։ Դատարանի դահլիճում նրան պառկեցրել էին աթոռների վրա, ինչը պաշտպանական թիմը գնահատել էր որպես խոշտանգումների շարունակություն։ Սեպտեմբերի 10-ին փաստաբան Երեմ Սարգսյանը հայտնել էր, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Հայաստանի կառավարությանը հարցում է ուղարկել Գագիկ Խաչատրյանի պաշտպանության ներկայացրած բողոքի վերաբերյալ։

Աղբյուր՝ arminfo.info

Տարածել

Կարդացեք նաեվ