Bankomat

Փաշինյանն ու Ալիևը քննարկել են TRIPP-ը, տարանցումը և տնտեսական կապերը

Լուրեր|2026/11/13 06:01
Փաշինյանն ու Ալիևը քննարկել են TRIPP-ը, տարանցումը և տնտեսական կապերը

Դուբլինում կայացած հանդիպմանը կողմերը խոսել են խաղաղության օրակարգի տնտեսական բաղադրիչների մասին։

Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովի շրջանակում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 12-ին հանդիպել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Քննարկման առանցքում եղել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգի առաջմղումը՝ հիմնվելով 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած խաղաղության գագաթնաժողովի արդյունքների և ստորագրված Վաշինգտոնյան համատեղ հռչակագրի վրա։

Կողմերը խոսել են խաղաղության հետագա ամրապնդմանն ուղղված գործնական քայլերի մասին։ Ըստ հաղորդագրության՝ օրակարգում եղել են տրանսպորտային և տարանցիկ կապերի զարգացումը, տնտեսական և առևտրային հարաբերությունները, սահմանների սահմանազատումը, ինչպես նաև վստահության ամրապնդման միջոցառումները։

Առանձին անդրադարձ է եղել «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախաձեռնության ընթացքին։ Ղեկավարները քննարկել են ծրագրի երկաթուղային և ավտոճանապարհային բաղադրիչների պլանավորումն ու նախագծումը, ինչպես նաև TRIPP-ի երթուղով տարանցիկ կապերի հեռանկարները։

Դրական զարգացում է գնահատվել Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան և Հայաստանից ապրանքների տարանցումը։ Նշվել է, որ անցյալ տարվա նոյեմբերից ի վեր Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան ընդհանուր առմամբ տեղափոխվել է 105 000 տոննա բեռ։

Հանդիպմանը նաև քննարկվել են տնտեսական և առևտրային հարաբերությունների հետագա ընդլայնման հնարավորությունները, այդ թվում՝ էլեկտրաէներգետիկ ցանցերի առաջիկա փոխկապակցումը։ Կողմերը կարևորել են նաև համագործակցությունը շրջակա միջավայրի և անդրսահմանային ջրային ռեսուրսների կառավարման ոլորտներում ու ողջունել համապատասխան աշխատանքային խմբերի ստեղծումը։

Աղբյուր՝ tert.am

Տարածել

Կարդացեք նաեվ