Սեպտեմբերի 17-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ անցկացվել է խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են TRIPP նախագծի իրականացման հետ կապված հարցերը։ Այդ մասին հայտնել է կառավարության մամուլի ծառայությունը։
Քննարկման առանցքում եղել են, մասնավորապես, TRIPP ընկերության իրավական և պայմանագրային փաթեթը, ինչպես նաև առաջիկա միջոցառումները։ Խորհրդակցության ընթացքում ներկայացվել է նաև ընկերության կանոնադրության նախագծի և բաժնետերերի համաձայնագրի շուրջ ընթացիկ աշխատանքը։
Կառավարության հաղորդագրության համաձայն՝ այս ձևաչափով քննարկումները TRIPP նախագծի իրականացման վերաբերյալ կշարունակվեն։
TRIPP նախագիծը՝ Trump Route for International Peace and Prosperity («Միջազգային խաղաղության և բարգավաճման համար Թրամփի երթուղի»), տրանսպորտային և ենթակառուցվածքային նախաձեռնություն է, որը նպատակ ունի Հայաստանի տարածքում, այդ թվում՝ Սյունիքի մարզում, ձևավորել բազմամոդալ միջանցքներ՝ տարածաշրջանը միջազգային ցանցերի հետ կապելու համար։
Նախաձեռնությունը ներառում է ավտոմոբիլային և երկաթուղային ճանապարհների, նավթատար և գազատար խողովակաշարերի, էլեկտրահաղորդման գծերի, ինչպես նաև օպտիկամանրաթելային կապի ցանցերի կառուցում և զարգացում։
Նախագիծը կապվում է Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» հայեցակարգի հետ և դիտարկվում է որպես Միջին միջանցքի բաղադրիչ։ Դրա իրականացման համար ստեղծվել է TRIPP Development Company համատեղ ընկերությունը, որի բաժնեմասերի 74%-ը պատկանում է ամերիկյան կողմին, իսկ 26%-ը՝ Հայաստանին։
Շրջանակային համաձայնագրի համաձայն՝ Հայաստանը պահպանում է ենթակառուցվածքի նկատմամբ ամբողջական տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունն ու իրավազորությունը, ներառյալ սահմանային և մաքսային վերահսկողությունը։

Աղբյուր՝ finport.am
