ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը չի կարող իր արտաքին քաղաքականությունը կառուցել տարբեր երկրներից հնչող ամեն հայտարարության հիման վրա, քանի որ դա, նրա խոսքով, երկիրը կհասցնի քաոսի։ Բուն TV-ի եթերում նա ասել է, որ Երևանի ռազմավարությունը պետք է մնա անփոփոխ և հիմնված լինի խաղաղության օրակարգի վրա։
Փաշինյանի խոսքով՝ Ադրբեջանից, Թուրքիայից, Ռուսաստանից, Իրանից և ԱՄՆ-ից ամեն օր կարող են հնչել տարբեր գնահատականներ ու հայտարարություններ, սակայն Հայաստանի քաղաքականությունը չպետք է վերաձևվի դրանցից յուրաքանչյուրին արձագանքելով։ «Մեր քաղաքականությունը պետք է կառուցվի ժայռի վրա։ Մեր ռազմավարությունը խաղաղությունն է»,- նշել է վարչապետը։
Նա նաև ասել է, որ Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերություններն անխուսափելիորեն փոխվելու են, և այդ փոփոխությունը չի կապվում որևէ կոնկրետ անձի կամ քաղաքական ուժի հետ։ Փաշինյանի ձևակերպմամբ՝ ՀՀ-ՌԴ հարաբերությունները նախկինի պես լինել չեն կարող, քանի որ, նրա գնահատմամբ, այդ նախկին մոդելը ենթադրում էր Հայաստանի ներգրավվածություն կոնֆլիկտի մեջ։ Վարչապետը նշել է, որ քանի դեռ Հայաստանում պահպանվում է խաղաղության միջավայր, հարաբերություններն իրենց նախկին տեսքով չեն վերադառնա։
Փաշինյանն անդրադարձել է նաև Հայաստանի երկաթուղու շուրջ ընթացող գործընթացներին՝ հիշեցնելով, որ այն գտնվում է Ռուսաստանի կոնցեսիոն կառավարման ներքո։ Նրա խոսքով՝ հենց այդ պայմաններում զարգացումներ են ընթանում, որոնց հետևանքով Հայաստանը կարող է շրջանցվել տարածաշրջանային հիմնական երկաթուղային հոսքերից։
Վարչապետը նկարագրել է մի սցենար, որի դեպքում երկաթուղային գիծը Նռնաձորի կողմից կմտնի Հայաստան և Ագարակի կողմից դուրս կգա, իսկ միջազգային հիմնական հոսքերը Հայաստանի տարածքով անցնելու փոխարեն Նախիջևանով կհասնեն Թուրքիա։ Նրա խոսքով՝ այս իրավիճակում կա վտանգ, որ Հայաստանը դուրս կմնա այն ծրագրից, որը հենց ինքն է նախաձեռնել։
Փաշինյանն ընդգծել է, որ նման ռիսկը մեծանում է Արևմուտք-Ռուսաստան հարաբերությունների լարվածության ֆոնին։ «Արևմուտք-ՌԴ հարաբերությունների լարվածության պատճառով ՀՀ-ն կարող է իր իսկ նախաձեռնած ծրագրից դուրս մնալ»,- ասել է նա։




Աղբյուր՝ www.1in.am
