Ռուսաստանում վառելիքի շուկայում առաջացած ճգնաժամը հաշվի առնելով՝ ինչ կանխարգելիչ քայլեր է նախատեսում Հայաստանի կառավարությունը՝ ներքին շուկայում կայունությունն ապահովելու համար, վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այս հարցին անդրադառնալով ասաց՝ վաղուց էին պատրաստվել սրան՝ «մոնոպոլիաները վերացնելով»:
«Տեսեք՝ աշխարհում ինչեր տեղի ունեցան, բայց Հայաստանի նավթամթերքի շուկայում տեղի չունեցավ էն, ինչ նախկինում տեղի էր ունենում, երբ ինչ-որ մեկը փռշտում էր՝ Հայաստանի նավթամթերքի շուկան ցնցումների էր ենթարկվում: Մենք վաղուց նախապատրաստվել ենք դրան՝ մոնոպոլիաները վերացնելով: Եվ Հայաստանում այսօր տասնյակ բենզին ներկրողներ կան, նոր ներդրումներ կան, նոր բենզալցակայանների ցանցեր կան հներն էլ գործում են, և շուկայական կարգավորումներով այդ հարցը կկարգավորվի, մենք համոզված ենք»:
Ռուսաստանում արդեն մի ամիս է՝ վառելիքի սակավություն է նկատվում: Վիճակը հատկապես վատ է Ռուսաստանի կողմից գրավված Ղրիմում՝ այնտեղ ընդհանրապես արգելված է քաղաքացիական անձանց բենզին վաճառել: Իսկ հենց Ռուսաստանի մարզերում՝ մի քանի տասնյակ բնակավայրերում, սահմանափակված է մեկ անձին վաճառվող վառելիքի քանակը՝ 15-30 լիտր՝ կախված տարածաշրջանից: Բենզինի սակավություն է, կիլոմետրանոց հերթեր են լցակայաններում, որոնցում երբեմն անգամ ծեծկռտուք է լինում:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր նշեց, որ գնի բարձրացումը գլոբալ վիճակի հետ է կապված. «Այսինքն՝ նավթամթերքի շուկայում գների գլոբալ ազդեցությունից մենք չենք կարող զերծ մնալ: Այլ բան, որ հիմա մենք նաև տեսանք Պարսից ծոցում տեղի ունեցող իրադարձությունների համատեքստում, որ շատ, թե քիչ բալանսավորված են»:
Այդ տվյալների համաձայն՝ բենզինի պարագայում Հայաստանը 2025 թվականին 2024-ի համեմատությամբ մոտ երեք անգամ պակասեցրել է բենզինի ներկրումը Ռուսաստանից:
Աղբյուր՝ www.azatutyun.am
