Bankomat

Փաշինյանը չի բացառել, որ Հայաստանը 2027–2028-ին կդիմի ԵՄ անդամակցության համար

Լուրեր|2026/11/05 22:04
Փաշինյանը չի բացառել, որ Հայաստանը 2027–2028-ին կդիմի ԵՄ անդամակցության համար

Վարչապետը նշել է, որ Հայաստանը միաժամանակ չի պատրաստվում դուրս գալ ԵԱՏՄ-ից։

Հայաստանը կարող է 2027 կամ 2028 թվականին պաշտոնապես դիմել Եվրոպական միության անդամակցության համար։ Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ Երևանը շարժվում է դեպի ԵՄ անդամակցության գործընթաց սկսելու հայտ ներկայացնելը։ Միևնույն ժամանակ վարչապետը շեշտել է, որ Հայաստանը ներկայումս չի նախատեսում դուրս գալ Եվրասիական տնտեսական միությունից։

Փաշինյանը նշել է, որ ԵԱՏՄ գործընկերները բարձրացնում են ընտրություն կատարելու և հանրաքվե անցկացնելու հարցը։ Սակայն, նրա խոսքով, ԵՄ անդամակցության շուրջ հանրաքվե այս փուլում հնարավոր չէ կազմակերպել, քանի որ դրա համար անհրաժեշտ ընթացակարգերը դեռ ավարտված չեն։

Վարչապետը հիշեցրել է, որ նախկինում էլ ասել էր՝ այս պահին չկա հարց, որը կարելի է դնել հանրաքվեի։ Նրա խոսքով՝ ԵՄ-ին Հայաստանի միանալու վերաբերյալ հանրաքվե անցկացնելու համար նախ պետք է անցնել մի շարք ընթացակարգերով, և այդ ուղղությամբ աշխատանքն արդեն ընթանում է։

Փաշինյանը հավելել է, որ այդ գործընթացը կարող է հանգեցնել նրան, որ Հայաստանը 2027 կամ 2028 թվականին ներկայացնի պաշտոնական անդամակցության հայտ։ Նա նաև նշել է, որ ԵՄ անդամակցության վերաբերյալ օրենսդրությունն արդեն գործում է Հայաստանում։

Վարչապետը նույն հնարավորության մասին ավելի վաղ խոսել էր նաև Բրյուսելում Euronews-ի կազմակերպած քննարկման ժամանակ՝ 2027–2028 թվականներին հայտ ներկայացնելը որակելով իրատեսական հեռանկար։

Աղբյուր՝ www.pan.am

Տարածել

Կարդացեք նաեվ