Ուզբեկստանը քննարկում է Նախիջևանից դեպի Թուրքիա նախատեսվող երկաթուղու կառուցման նախագծին միանալու հնարավորությունը։ Այդ նպատակով երկրում ստեղծվել է աշխատանքային խումբ, որը պետք է ուսումնասիրի մասնակցության տարբերակներն ու գործնական քայլերը։
Այս մասին O’zbekiston 24 հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Ուզբեկստանի տրանսպորտի նախարար Իլհոմ Մախկամովը։ Նրա խոսքով՝ համապատասխան հանձնարարականները տրվել են նախագահ Շավքաթ Միրզիյոևի՝ Վրաստան և Ադրբեջան կատարած այցերի արդյունքներով։
Մախկամովը նշել է, որ նշված ուղղություններից յուրաքանչյուրի համար ձևավորվել է առանձին աշխատանքային խումբ։ Նախարարի խոսքով՝ այդ ձևաչափով իշխանությունները ցանկանում են գնահատել ինչպես արդեն կատարված աշխատանքը, այնպես էլ առաջիկա ամիսների անելիքները։
Նա նաև ասել է, որ Տրանսպորտի նախարարությունը ներկայացրել է հաշվետվություններ կատարված աշխատանքի, ստացված արդյունքների և մինչև տարեվերջ նախատեսվող քայլերի վերաբերյալ։ Դրանից հետո գերատեսչությունը ստացել է հետագա աշխատանքի նոր հանձնարարականներ։
Նախաձեռնությունը վերաբերում է տարածաշրջանային երկաթուղային կապերի զարգացման հնարավորություններին և Ուզբեկստանի ներգրավվածության գնահատմանը այդ նախագծերում։




Աղբյուր՝ www.1in.am
