Երեւան: Մեդիամաքս: Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենն այսօր ասել է, որ Երեւան է եկել ասելու, որ «կարող եք մեզ վրա հույս դնել»:
«Երբ Հայաստանը մերձենում է Եվրամիությանը, Հարավային Կովկասն է ավելի մերձենում: Խաղաղության պայմանագրի նախաստորագրումն անցյալ տարի պատմական իրադարձություն էր՝ ամենակարեւոր քայլերից մեկը, որ այս տարածաշրջանն իրականացրել է վերջին տասնամյակների ընթացքում:
Նույնը վերաբերում է նաեւ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը: Այս որոշումները պահանջում էին քաղաքական խիզախություն եւ առաջնորդություն, եւ դրա պտուղները տպավորիչ կլինեն, բաց սահմանները կվերափոխեն Հայաստանի տնտեսական ապագան»,- Երեւանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո ասել է Եվրահանձնաժողովի ղեկավարը:
Նա նշել է, որ «Հայաստանը շարունակում է տնտեսական ճնշման ենթարկվել Ռուսաստանի կողմից»:
«Վստահ եղեք, երբ մեր գործընկերների վրա ճնշումը կուտակվում է, ԵՄ-ն քայլ է անում: Դուք շուտով կստանաք լրացուցիչ 18 միլիոն եվրո՝ ամրացնելու ձեր առեւտուրը: Սա այն 52 միլիոն եվրո օժանդակության փաթեթի վերջնական մասն է, որ քննարկեցինք հունիսի սկզբի մեր հեռախոսազրույցում:
Բացի այդ, մենք առաջարկ ենք ներկայացնում, որով կազատականացվի դեպի ԵՄ արտահանումների մոտ 80%-ը: Այն արտադրանքը, որը գնում էր դեպի ռուսական շուկա, մենք կարող ենք վերաուղղորդել դեպի ԵՄ միասնական շուկա՝ 450 միլիոն սպառողի համար:
Այս միջոցը կբացի Եվրոպայի դռները Հայաստանի գրեթե 99% թարմ գյուղմթերքի համար, 90% խմիչքների եւ ոգելից խմիչքների համար:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ իր հերթին ասել է, որ Հայաստանը խնդիր երբեք չի դրել ճգնաժամ ստեղծել ՀՀ եւ ՌԴ հարաբերություններում:
«Մենք գործում ենք մեր երկրի շահերի շրջանակում։ Մենք որեւէ միջազգային գործընկերոջ շահերը չենք արհամարհում, բայց նաեւ որեւէ գործընկերոջ շահերը չենք կարող ավելի բարձր դասել, քան Հայաստանի շահերը»:
Աղբյուր՝ mediamax.am
