
Իրանագետ Վարդան Ոսկանյանի գնահատմամբ՝ Եմենում Իրանի դաշնակից «Անսարալլահի» հաջողությունները Մերձավոր Արևելքում ունեն ոչ թե միայն մարտավարական, այլ ռազմավարական նշանակություն։ Նրա խոսքով՝ այդ զարգացումները լայն ազդեցություն են թողնում ամբողջ տարածաշրջանի վրա։
Ոսկանյանը գրում է, որ «Անսարալլահի» գործողությունները, ըստ էության, հանգեցրել են Սաուդյան Արաբիայի «նավթային» շրջափակմանը և ի ցույց դրել վերջերս Սաուդյան Արաբիայի, Պակիստանի և Թուրքիայի միջև ձևավորված «իսլամական ՆԱՏՕ»-ի անգործունակությունը։
Նրա գնահատմամբ՝ Կարմիր ծովում իսրայելական Էյլաթ նավահանգիստը փաստացի կորցրել է իր նշանակությունը։ Միաժամանակ նա չի բացառում, որ տնտեսական դժվարությունների առաջ կարող է կանգնել նաև Եգիպտոսը, եթե Սուեզի ջրանցքով բեռնափոխադրումները կրճատվեն։
Իրանագետի խոսքով՝ նավթի գների աճը Սիրիայում արդեն հանգեցրել է հակակառավարական զանգվածային ցույցերի։ Նա նշում է, որ դա տեսանելի ռիսկեր է ստեղծում երկրի ներքաղաքական կայունության համար և, իր հերթին, վտանգում է Թուրքիայի դիրքերի ամրապնդումը Սիրիայի ներսում։
Ոսկանյանը հավելում է, որ այս ամենի հիմքում Իրանի դաշնակից «Անսարալլահն» է՝ զեյդիական շիայական գաղափարախոսությամբ գործող ուժ։ Նրա բնորոշմամբ՝ շարժման գաղափարական հայր Հուսեյն ալ-Հութին, որը հոգևոր կրթություն էր ստացել Իրանում, պնդում էր, որ խաղաղությունը ձեռք է բերվում պատերազմով, ոչ թե հանձնվելով։
Աղբյուր՝ panorama.am
