Bankomat

Նոր հնարավորություն կենսաթոշակառուների համար. ներդրվում է հետադարձ հիփոթեքի ինստիտուտը

Լուրեր | 2026/07/01 08:02

Նոր հնարավորություն կենսաթոշակառուների համար. ներդրվում է հետադարձ հիփոթեքի ինստիտուտը

Պետությունը ներդնում է հետադարձ հիփոթեքի ինստիտուտը

Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում։ Պետությունը ներդնում է հետադարձ հիփոթեքի ինստիտուտը, որի համաձայն կենսաթոշակառուն կարող է իր տունը հանձնել բանկին և մինչև կյանքի վերջ ամսական գումար ստանալ։ Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում տեղեկացրել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Նանե Ղազարյանը։

«Հետադարձ հիփոթեքը վարկային նոր պայմանագրի տեսակ է, որն ունի հստակ կարգավորումներ։ Կենսաթոշակային տարիքի քաղաքացիները, եթե ունեն սեփականության իրավունքով իրենց պատկանող բնակելի նշանակության շինություն և ցանկություն ունեն ստանալ վարկավորում, կարող են իրենց գույքը գրավադրել և պարբերաբար վճարումներ ստանալ բանկից կամ վարկային կազմակերպությունից»,- ասաց Նանե Ղազարյանը։

Նա ավելացրեց, որ սա կլինի լրացուցիչ եկամտի աղբյուր կայուն վճարումների տեսքով, իսկ քաղաքացին չի կորցնելու իր բնակության վայրը։ «Այսինքն՝ քաղաքացին շարունակելու է իր տանը բնակվել, ինչպես նախկինում։ Այդ ընթացքում բանկը չի կարողանալու այն տնօրինել կամ գույքի հետ կապված որևէ գործարք իրականացնել»,- նշեց նա։

Քաղաքացու մահից հետո, եթե ժառանգները ցանկանում են վճարած գումարը մարել, ապա այդ հնարավորությունը կտրվի։ Եթե ոչ, ապա գույքը կանցնի բանկին։ Վճարվող գումարի չափը կախված կլինի գույքի արժեքից և գտնվելու վայրից։

Հետադարձ հիփոթեքը պարտադիր պայման չէ, այլ հնարավորություն է կենսաթոշակառուների համար, ովքեր միայն իրենց ցանկության դեպքում կարող են դիմել բանկերին։ Նախագիծը ներկայումս ԱԺ-ում է, և նախատեսվում է, որ 2027 թվականի հունվարի 1-ից քաղաքացիները կարող են օգտվել այս հնարավորությունից։

Պետությունը նաև ներդնում է ամուսնու բացառիկ սեփականության իրավունքի ինստիտուտը, որը կգրանցվի Կադաստրի կոմիտեում։

Աղբյուր՝ armenpress.am

Տարածել

Կարդացեք նաեվ