
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆրանկֆուրտի արդյունաբերության և առևտրի պալատում հանդիպում է ունեցել տեղի գործարարների մի խմբի հետ, որոնք ներկայացնում են տնտեսության տարբեր ոլորտներ։ Այդ մասին հայտնել է Կառավարության մամուլի ծառայությունը։
Հանդիպման ընթացքում վարչապետը խոսել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության, դրա հետևանքով տարածաշրջանում ձևավորվող նոր զարգացումների և առաջացող հնարավորությունների մասին։ Նրա խոսքով՝ օրակարգում է նաև տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակմանը միտված TRIPP նախագծի իրականացումը, և այդ ուղղությամբ ամենօրյա աշխատանք է կատարվում։
Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է նաև Հայաստան-Եվրոպա հարաբերությունների խորացմանը, առևտրատնտեսական համագործակցությանը և Հայաստանից արտահանման դիվերսիֆիկացման ուղղությամբ իրականացվող քայլերին։ Նա կարևորել է այս գործընթացներում ԵՄ-ի շարունակական աջակցությունը։
Վարչապետը ներկայացրել է Հայաստանում տնտեսության տարբեր ճյուղերում գրանցվող զարգացումները, առկա ներդրումային և գործարար հնարավորությունները, ինչպես նաև բիզնես միջավայրի հետևողական բարելավման նպատակով Կառավարության իրականացրած բարեփոխումներն ու ծրագրերը։
Հանդիպման ավարտին Նիկոլ Փաշինյանը պատասխանել է գործարարների հարցերին։
Աղբյուր՝ hetq.am
