Սեպտեմբերի 3-ին և 4-ին Մոնակոյում անցկացվել են «Հայաստանի օրերը Մոնակոյում» միջոցառումները, որոնց ընթացքում ներկայացվել են թե՛ հայկական մշակույթը, թե՛ Հայաստանի բիզնես և ներդրումային ներուժը։ Նախաձեռնության հեղինակն ու կազմակերպիչը «Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության» նախագահության անդամ Վրույր Փենեսյանն է։
Սեպտեմբերի 3-ին Hôtel Métropole Monte-Carlo-ում կազմակերպվել է հայկական ոսկերչական արվեստին նվիրված միջոցառում։ Այստեղ ներկայացվել են հայկական DAMIRAH ոսկերչական բրենդը և «Armenian Goldsmith» եռահատոր գիրքը, որը պատմում է հայկական ոսկերչության բազմադարյա պատմության մասին։ Գրքից մեկ օրինակ Վրույր Փենեսյանը հանձնել է Մոնակոյի իշխան Ալբեր II-ին։ Միջոցառման հատուկ հյուրը եղել է սուպերմոդել Վիկտորիա Սիլվշտեդը։
Երեկոյի ընթացքում հնչել են դուդուկի և դաշնամուրի կենդանի կատարումներ։ Հյուրերին ներկայացվել են նաև հայկական խմիչքներ՝ OHANYAN կոնյակը, Altera wines գինիները, Abrikon բրենդին և ARARAT ջրերը։
Գործարար հատվածում Khakhamyan Heritage-ը ներկայացրել է Amanoo բնակելի թաղամասը՝ որպես բնության, ճարտարապետության և մտածված կենսակերպի համադրությամբ ձևավորվող նախագիծ։ Միջոցառման ֆինանսաբանկային գործընկեր IDBank-ը հյուրերին ներկայացրել է իր նորարարական գործիքակազմը, ինչպես նաև արտերկրում բնակվող հայերի համար Պրեմիում բանկային ծառայություններն ու գործարքներ իրականացնելու հնարավորությունները։
Նույն օրը Մոնակոյի Մայր տաճարում կայացել է բարեգործական համերգ՝ միջազգային ճանաչում ունեցող հայ երաժիշտների մասնակցությամբ։ Բեմում հանդես են եկել Ֆրանկֆուրտի օպերայի սոպրանո Անի Յորենց Սարգսյանը, դաշնակահարուհի Նարե Արղամանյանը Վիեննայից և դուդուկահար Լևոն Չատիկյանը Լիոնից։ Միջոցառմանը անդրադարձել է նաև Monaco Info պետական հեռուստաալիքը։
Սեպտեմբերի 4-ին ուշադրության կենտրոնում եղել է Հայաստանի տնտեսական և ներդրումային ներուժը։ Հյուրերի համար կազմակերպված փակ երեկոյի ընթացքում Freedom Broker Armenia-ը ներկայացրել է Հայաստանում բիզնես կապեր ստեղծելու և երկրում ներդրումներ կատարելու հնարավորությունները։
Վրույր Փենեսյանի նախաձեռնությամբ Մոնակոյում նման ձևաչափով միջոցառումներ անցկացվում են 2018 թվականից՝ «Armenian Collection Monte-Carlo» անվան ներքո։
















Աղբյուր՝ lurer.com
