Bankomat

Միրզոյան․ Հայաստան-Թուրքիա սահմանը կարող է բացվել ցանկացած պահի

Լուրեր|2026/11/05 20:01
Միրզոյան․ Հայաստան-Թուրքիա սահմանը կարող է բացվել ցանկացած պահի

ԱԳ նախարարի խոսքով՝ գործընթացը հասունացել է, իսկ գործարար շփումները՝ ակտիվացել։

Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանը շարունակում է փակ մնալ, սակայն դրա բացման և դիվանագիտական հարաբերությունների հաստատման համար անհրաժեշտ գործընթացը, ըստ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, հասել է այն փուլին, երբ որոշում կարող է կայացվել ցանկացած պահի։ Այդ մասին նա հայտարարել է Ազգային ժողովում։

Միրզոյանի խոսքով՝ երկու երկրների համագործակցությունը վերջին շրջանում արտահայտվում է մի շարք գործնական նախաձեռնություններով։ Նա որպես օրինակ նշել է ուսանողների կրթաթոշակային ծրագրերը, Անիի պատմական կամրջի համատեղ վերանորոգումը և գործարար համաժողովների անցկացումը։

Նախարարը հայտնել է, որ Կարսում արդեն անցկացվել է հայ-թուրքական գործարար համաժողով, իսկ դրա հաջորդ փուլը նախատեսվում է կազմակերպել Հայաստանում՝ հաջորդ տարվա սկզբին։ Նրա գնահատմամբ՝ առաջին համաժողովի նկատմամբ երկու երկրների գործարարների հետաքրքրությունը մեծ է եղել։

Միրզոյանը կարևոր առաջընթաց է համարել նաև առևտրի մաքսային ընթացակարգերի փոփոխությունը։ Նրա խոսքով՝ դրական դինամիկան պահպանվում է, թեև սահմանը դեռևս փակ է մնում։

«Այս պահին Հայաստան-Թուրքիա սահմանը շարունակում է մնալ փակ, բայց ես ասել եմ, որ այս գործընթացն այնքան է հասունացել, որ ցանկացած պահի կարող ենք ունենալ Հայաստան-Թուրքիա սահմանների բացում և դիվանագիտական հարաբերությունների հաստատում»,– ասել է Միրզոյանը։

Աղբյուր՝ armtimes.com

Տարածել

Կարդացեք նաեվ