
Մեքսիկայի դաշնային և տարածաշրջանային իշխանությունները Գուանախուատո նահանգի Սան Խոսե Իտուրբիդե մունիցիպալիտետում առգրավել են մոտ 59 մլն լիտր բենզին և դիզելային վառելիք։ Այդ մասին հայտնել է նահանգի կառավարությունը։
Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ խուզարկության ընթացքում օբյեկտում հայտնաբերվել է մոտ 59 մլն լիտր ածխաջրածնային վառելիք, որն իր հատկանիշներով համապատասխանում է դիզելային վառելիքին, ինչպես նաև սովորական և պրեմիում դասի բենզինին։
Գործողությունը իրականացվել է Լա Ֆրագուա համայնքում՝ ածխաջրածինների պահեստավորման, բաշխման և դրանց հետ կապված այլ գործարքների առնչությամբ ենթադրյալ հանցագործությունների քննության շրջանակում։ Խուզարկությունը թույլատրել է դաշնային քրեական գործերով դատավորը, իսկ այն իրականացրել են դաշնային դատախազության աշխատակիցները՝ մասնագիտացված փորձագետների և նահանգային իշխանությունների մասնակցությամբ։
Զննության ընթացքում առգրավվել են վառելիքով լցված 10 տարա, երեք ավտոցիստեռն, փոխադրման համար օգտագործվող տարբեր տարաներ, ինչպես նաև քննությանը վերաբերող փաստաթղթեր։
Գուանախուատոյի կառավարության հայտարարության մեջ նշվում է, որ հայտնաբերված արտադրանքի ծավալի և դրա շրջանառության հետ կապված ռիսկերի պատճառով չափման, նույնականացման և հետագա գործողությունների աշխատանքները կշարունակվեն մասնագիտացված անձնակազմի և իրավասու մարմինների վերահսկողության ներքո։
Իշխանությունները նաև ընդգծել են, որ միջոցառումները միտված են վառելիքի արտահոսքերի, հրդեհների և այլ վտանգավոր իրավիճակների կանխարգելմանը, որոնք կարող էին սպառնալիք ստեղծել բնակչության, գույքի և շրջակա միջավայրի համար։
Նշվում է, որ առգրավված վառելիքի ծավալը համարժեք է մոտ 2000 հատ 30 տոննա տարողությամբ ավտոցիստեռնի բեռնվածությանը։ Նահանգի կառավարության տվյալներով՝ նախորդ երկու տարիներին տարածաշրջանում իրականացված տարբեր գործողությունների շրջանակում ընդհանուր առմամբ առգրավվել էր գրեթե ութ անգամ պակաս՝ մոտ 7.9 մլն լիտր ածխաջրածին և դրանց ածանցյալներ։
Աղբյուր՝ b24.am
