Օգոստոսին «Մեկ դրամի ուժը» նախաձեռնության շահառուն «Օռրան» բարեգործական հասարակական կազմակերպությունն էր։ Հավաքագրված 4,719,020 դրամի շնորհիվ կազմակերպության խնամքի տակ գտնվող երեխաները նոր ուսումնական տարին սկսել են ամբողջությամբ պատրաստված՝ ապահովված անհրաժեշտ դպրոցական հագուստով և գրենական պիտույքներով։
Սեպտեմբերին նախաձեռնության միջոցով հավաքվող միջոցները կուղղվեն «Կլիմայի փոփոխություն և կանայք» մրցանակաբաշխության անցկացմանը։ Նախաձեռնության նպատակը կանանց առաջնորդությունն ու ներդրումը կլիմայի փոփոխության դեմ պայքարում և կենսաբազմազանության պահպանության գործում ճանաչելի և տեսանելի դարձնելն է։
COP17-ի շրջանակում «Կլիմայի փոփոխություն և կանայք» մրցանակաբաշխությունն անցկացվում է «Կանայք կլիմայում և էներգետիկայում» (WiCE) հասարակական կազմակերպության, «ՕքսԵջեն» հիմնադրամի, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (UNDP), Կենսաբանական բազմազանության կոնվենցիայի կանանց խմբի (CBD Women’s Caucus) և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության գործընկերությամբ։
Idram և IDBank-ի հաղորդակցության և կայուն զարգացման վարչության ղեկավար Տաթևիկ Վարդևանյանը նշել է, որ շրջակա միջավայրի պաշտպանությունն ու կայուն զարգացումը «Մեկ դրամի ուժը» նախաձեռնության առանցքային ուղղություններից են։ Նրա խոսքով՝ այս նախագիծը լիովին արտացոլում է նախաձեռնության որդեգրած արժեքները, իսկ Idram-ն ու IDBank-ը շարունակելու են աջակցել ծրագրերի, որոնք ոչ միայն բարձրաձայնում են կարևոր խնդիրներ, այլև միտված են գործնական լուծումների որոնմանն ու կայուն ապագայի ձևավորմանը։
«Կանայք կլիմայում և էներգետիկայում» ՀԿ-ի հիմնադիր և տնօրեն Նունե Սականյանի գնահատմամբ՝ նախաձեռնությունը կարևոր հարթակ է կանանց կատարած աշխատանքը տեսանելի դարձնելու և նրանց դերը ընդգծելու համար։ Նա նշել է, որ «Մեկ դրամի ուժը» նախաձեռնության աջակցությունը էական նշանակություն ունի նախագծի իրականացման, կանանց առաջնորդության արժեքի ճանաչման և արդյունավետ բնապահպանական լուծումների առաջմղման համար։
«Մեկ դրամի ուժը» շարունակում է աջակցել սոցիալական, կրթական և հանրային կարևոր ծրագրերի։ Նախաձեռնությանը միանալու համար անհրաժեշտ է վճարումներ կատարել Idram&IDBank հավելվածով, IDBanking.am և banking.idram.am առցանց հարթակներով, ինչպես նաև Idram և IDBank տերմինալներով։ Յուրաքանչյուր վճարումից ընկերությունները մեկ դրամ են ուղղում կարևոր ծրագրերի իրականացմանը։

Աղբյուր՝ finport.am
