
McKinsey-ի գնահատմամբ՝ 2026 թվականի արդյունքներով հինգ տեխնոլոգիական ուղղություններով ներդրումների ծավալը կարող է ավելի քան երկու անգամ գերազանցել 2025 թվականի մակարդակը։ Այդ գնահատականը ներկայացված է McKinsey Technology Trends Outlook 2026 զեկույցում։
Խոսքը վերաբերում է գործակալային ծրագրային մշակմանը, արհեստական բանականության ենթակառուցվածքին և մոդելների ճարտարապետությանը, գիտական հետազոտություններում և ինժեներիայում արհեստական բանականության կիրառմանը, տիեզերական տեխնոլոգիաներին և ռոբոտատեխնիկային։
Ընկերությունը այս եզրակացությունը հիմնավորում է 2026 թվականի առաջին կիսամյակում գրանցված ներդրումային ծավալներով և ընթացիկ աճի տեմպերի՝ ամբողջ տարվա վրա տարածված գնահատմամբ։ Միաժամանակ McKinsey-ը նշում է, որ կնքված ներդրումային գործարքների տվյալները պետք է դիտարկել ավելի շուտ որպես ցուցիչ, քան ճշգրիտ կանխատեսում։
Ուսումնասիրությունն ընդհանուր առմամբ ներառում է 14 տեխնոլոգիական միտում։ McKinsey-ի գնահատմամբ՝ 2025 թվականի համեմատ ֆինանսավորման աճ սպասվում է դիտարկվող գրեթե բոլոր ուղղություններում, բացառությամբ առաջադեմ կապի ենթակառուցվածքի։
Զեկույցում առանձնացվում են նաև արհեստական բանականության զարգացման հետ կապված ենթակառուցվածքային մարտահրավերները։ Ընկերության գնահատմամբ՝ մինչև 2030 թվականը ԱՄՆ-ում արհեստական բանականության ծանրաբեռնվածություն սպասարկող տվյալների կենտրոնները կարող են սպառել այնքան էլեկտրաէներգիա, որքան այսօր սպառում է Կալիֆոռնիան։ Միևնույն ժամանակ տվյալների կենտրոնները կարող են կառուցվել ավելի արագ, քան դրանց էներգամատակարարման համար անհրաժեշտ էլեկտրահաղորդման գծերը, ենթակայաններն ու տրանսֆորմատորները։
McKinsey-ը ևս մեկ ռիսկ է համարում արհեստական բանականության օգնությամբ ստեղծվող ծրագրային կոդի ծավալների աճը։ Ընկերության դիտարկմամբ՝ այդ կոդը ստեղծվում է ավելի արագ, քան մասնագետները հասցնում են այն ստուգել, թեստավորել և անվտանգ գործարկել։
McKinsey Technology Trends Outlook 2026-ը 14 տեխնոլոգիական ուղղությունների գնահատման համար ուսումնասիրել է, մասնավորապես, ներդրումները, արտոնագրերը, գիտական հրապարակումները, որոնողական հարցումները, լրատվամիջոցների հրապարակումները և մասնագետների նկատմամբ պահանջարկը։
Աղբյուր՝ armbanks.am
