
Ամերիկյան McDonald’s Corp.-ը հայտարարել է, որ մինչև 2036 թվականի ավարտը շուրջ 8.5 մլրդ դոլարի աջակցություն կտրամադրի իր ֆրանչայզինգի գործընկերներին։ Ընկերության հաղորդագրության համաձայն՝ այդ գումարից 5 մլրդ դոլարը նախատեսվում է հատկացնել մինչև 2030 թվականի ավարտը։
Աջակցության փաթեթը կիրականացվի NEXT ծրագրի շրջանակում, որը մեկնարկել է հունիսին։ Նախաձեռնության նպատակն է բարելավել արտադրանքի որակը, սպասարկման մակարդակը և ռեստորանների գործառնական արդյունավետությունը։ Դրա համար ընկերությունը նախատեսում է արագացնել ռեստորանների արդիականացումը, ներդնել նոր տեխնոլոգիաներ և իրականացնել գործառնական բարելավումներ։
McDonald’s-ը նշել է, որ ֆրանչայզինգի գործընկերները կստանան նաև վարձակալական վճարների հետ կապված աջակցություն։ Ընկերության գնահատմամբ՝ այս քայլերի արդյունքում ռեստորանների համախառն արդյունավետությունը կարող է աճել 250 բազիսային կետով։
Ըստ կանխատեսումների՝ ԱՄՆ-ում միջին ռեստորանը դրա շնորհիվ կստանա տարեկան մոտ $100 հազար լրացուցիչ դրամական հոսք, իսկ կատարված ներդրումները հնարավոր կլինի փոխհատուցել չորս տարվա ընթացքում։
Ընկերությունը նաև ակնկալում է, որ հաջորդ տարի ցանցի ընդլայնումը 2,5 տոկոսային կետով կնպաստի ամբողջ ցանցի վաճառքի աճին։ Մինչև 2030 թվականը այդ ազդեցությունը կնվազի մինչև 2 տոկոսային կետ, իսկ ընդհանուր և վարչական ծախսերը (G&A) կկազմեն ցանցի ընդհանուր վաճառքի մոտ 1.9%-ը։
McDonald’s-ի գնահատմամբ՝ մինչև 2030 թվականը գործառնական շահութաբերությունը կհասնի 50–56%-ի։ 2027–2030 թվականներին հիմնական կապիտալ ծախսերը ծրագրված են տարեկան $3 մլրդ-ի չափով, իսկ ևս 1.5–2 մլրդ դոլար ամեն տարի կուղղվի ֆրանչայզինգի գործընկերների աջակցությանը։
Բացի այդ, ընկերությունը մտադիր է մինչև 2030 թվականը հավի մսով ուտեստների և ըմպելիքների շուկաներում իր մասնաբաժիններն ավելացնել 1,5-ական տոկոսային կետով՝ միաժամանակ պահպանելով առաջատար դիրքերը տավարի մսով ուտեստների կատեգորիայում։
McDonald’s-ի ցանցը ներառում է ավելի քան 46 հազար ռեստորան աշխարհի ավելի քան 100 երկրում։ Դրանց շուրջ 95%-ը պատկանում է անկախ տեղական ձեռնարկատերերին և կառավարվում է նրանց կողմից։
Չորեքշաբթի նախաբորսայական առևտրի ընթացքում ընկերության բաժնետոմսերը թանկացել են 0.7%-ով։ Դրանից մեկ օր առաջ McDonald’s-ը 3.8%-ով բարձրացրել էր նաև իր եռամսյակային շահաբաժինները։
Աղբյուր՝ b24.am
