Mastercard-ը և Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատը (AmCham Armenia) համատեղ նախաձեռնությամբ մեկ հարթակում են հավաքել տեղական բիզնես համայնքի ներկայացուցիչներին, ձեռներեցներին և ոլորտային առաջնորդներին։ Նպատակը մասնագիտական կապերի ամրապնդումն է, փորձի փոխանակման խթանումը և զարգացման նոր հնարավորությունների բացահայտումը։
Նախաձեռնությունը, ըստ հաղորդագրության, արտացոլում է Mastercard-ի հանձնառությունը՝ աջակցելու Հայաստանի մասնավոր հատվածին, խթանելու թվային փոխակերպումն ու նորարարությունը։ Ընկերությունը նաև կարևորում է ավելի մրցունակ և կայուն տնտեսական միջավայրի ձևավորումը Հայաստանում։
Mastercard-ի՝ Վրաստանի և Հայաստանի փոխնախագահ Դավիթ Զգուդաձեի խոսքով՝ ուժեղ գործարար էկոհամակարգի հիմքում համագործակցությունն ու նորարարությունն են։ Նա նշել է, որ ընկերությունը մտադիր է նպաստել գիտելիքների փոխանակմանը և աճի նոր հեռանկարների ստեղծմանը Հայաստանի մասնավոր հատվածի համար։
Դավիթ Զգուդաձեն հավելել է, որ AmCham Armenia-ի հետ գործընկերությունն արտացոլում է առավել փոխկապակցված և արդյունավետ բիզնես միջավայր ձևավորելու ընդհանուր ձգտումը։
Mastercard-ը նաև նշել է, որ ֆինանսական հաստատությունների և ոլորտային գործընկերների հետ սերտ համագործակցության միջոցով շարունակում է ներդրում ունենալ Հայաստանի երկարաժամկետ տնտեսական աճի և կայուն արժեքների ստեղծման գործում։


Աղբյուր՝ b24.am
