Bankomat

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը վստահ է՝ COP-17-ը Հայաստանում հաջող կանցնի

Լուրեր|2026/09/25 00:02
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը վստահ է՝ COP-17-ը Հայաստանում հաջող կանցնի

Նիկոլ Փաշինյանն ու Անտոնիո Գուտերեշը Նյու Յորքում քննարկել են հոկտեմբերին Հայաստանում անցկացվելիք համաժողովը։

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի շրջանակում Նյու Յորքում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ։ Հայաստանի կառավարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ կողմերը քննարկել են Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի՝ COP-17-ի անցկացումը, որը հոկտեմբերին տեղի կունենա Հայաստանում։

Վարչապետը նշել է, որ Հայաստանի կառավարությունը հետևողականորեն աշխատում է համաժողովը լավագույնս կազմակերպելու ուղղությամբ։ Նրա խոսքով՝ միջազգային գործընկերների մասնակցության մակարդակը բարձր է, ինչը կարևոր նախադրյալ է միջոցառման արդյունավետ անցկացման համար։

Անտոնիո Գուտերեշը, ըստ հաղորդագրության, վստահություն է հայտնել, որ համատեղ աշխատանքի արդյունքում համաժողովը կանցնի լավագույն ձևով։

Հանդիպման ընթացքում Փաշինյանն ու Գուտերեշը մտքեր են փոխանակել նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության ամրապնդման, տարածաշրջանային համագործակցության խթանման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։

Նույն օրը Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում հանդիպել է նաև Համահայկական ուսանողական ասոցիացիայի անդամների հետ, որոնք սովորում են ամերիկյան առաջատար համալսարաններում։ Վարչապետը ուսանողներին ներկայացրել է «Իրական Հայաստան» գաղափարախոսությունն ու սկզբունքները։

Կառավարության ղեկավարը անդրադարձել է սփյուռքի հետ կապերին, կրթության որակի բարձրացմանը, պետական կառավարման համակարգ բարձր որակավորում ունեցող մասնագետների ներգրավմանը, ինչպես նաև կառավարության քաղաքականությանը տարբեր ուղղություններով։ Հանդիպման ավարտին նա պատասխանել է ներկաների հարցերին։

Աղբյուր՝ arminfo.info

Տարածել

Կարդացեք նաեվ