








Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի փոխնախարար Վահան Կոստանյանը մասնակցել է «Reframing Foreign Policy: Integrating Trade, Diplomacy and National Resilience» խորագրով բաց քննարկմանը, որը կայացել է Women and Global Security Architecture վերլուծական կենտրոնի կազմակերպած Comprehensive Security and Resilience միջազգային համաժողովի շրջանակում։
Կոստանյանը ներկայացրել է, թե ինչպես է ժամանակի ընթացքում փոխվել Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունների կառուցվածքը։ Նրա խոսքով՝ նախկինում օրակարգը հիմնականում կենտրոնացած էր մեկ-երկու ուղղության և, ըստ էության, հակամարտությունների կառավարման վրա։
Վերջին տարիներին, ըստ փոխնախարարի, առաջնահերթություններն ու ուղղությունները դարձել են ավելի բազմազան։ Նա նշել է, որ այժմ արտաքին քաղաքական օրակարգը ձևավորվում է ապագային միտված մոտեցմամբ՝ հիմնվելով Հայաստանի շահերի վրա և հաշվի առնելով աշխարհաքաղաքական իրողությունները։
Կոստանյանն առանձնացրել է նաև աշխատանքի այն ուղղությունները, որոնք կապված են նախարարության՝ միջազգային առևտրի նոր մանդատի հետ։ Նրա գնահատմամբ՝ արտաքին քաղաքականության գործիքակազմում առևտրային բաղադրիչի ուժեղացումն արդեն դարձել է գործնական աշխատանքի կարևոր մաս։
Խոսելով ռազմավարական գործընկերությունների մասին՝ փոխնախարարը նշել է, որ դրանք այժմ հիմնվում են ոչ միայն պատմական կապերի և ավանդաբար ջերմ հարաբերությունների վրա, այլև փոխշահավետ ծրագրերի ու նախաձեռնությունների, որոնք բխում են հստակ քաղաքական և տնտեսական շահերից։ Այդ համատեքստում նա ներկայացրել է տարբեր երկրների հետ հաստատված ռազմավարական գործընկերությունների շրջանակում արձանագրված կոնկրետ և չափելի արդյունքները։
Քննարկման ընթացքում Կոստանյանը անդրադարձել է նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Նա խոսել է TRIPP նախագծի իրականացման առաջընթացի մասին՝ ներկայացնելով թե՛ ներքին գործընթացները, թե՛ ԱՄՆ գործընկերների հետ շարունակվող քննարկումները։
Նյութում հիշեցվում է նաև Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանի ավելի վաղ արված գնահատականը, ըստ որի՝ նախկինում նախարարությունը վարել է հակամարտության և ցեղասպանության ճանաչման շուրջ կենտրոնացած արտաքին քաղաքականություն, որը նա բնութագրել է որպես «նահատակության արտաքին քաղաքականություն»։ Միրզոյանը այդ մոտեցմանը հակադրել է այլ ուղղություն՝ շեշտադրելով ապրելու և կյանքն ավելի անվտանգ դարձնելու նպատակը։
Աղբյուր՝ www.pan.am
