Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ կասեցվել է «Նոր Զովք» ՍՊ ընկերությանը պատկանող հաց-հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը։ Խոսքը Երևանի Քաջազնունի 8/10 հասցեում գործող արտադրամասի մասին է։
Վերահսկողության ընթացքում տեսչությունը արձանագրել է սանիտարահիգիենիկ նորմերի մի շարք խախտումներ։ Մասնավորապես, արտադրական շինության պատերի որոշ հատվածներ և անկյուններ վնասված են եղել ու պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող նյութերից, իսկ առաստաղի որոշ մասերում եղել են վնասվածքներ։
Տեսչության գնահատմամբ՝ նման վիճակը չի կանխարգելում կեղտի կուտակումը և մասնիկների թափվելու վտանգը։ Բացի այդ, միջոցներ չեն ձեռնարկվել արտադրական շինություն կենդանիների, այդ թվում՝ կրծողների և միջատների, մուտքը բացառելու համար։
Արձանագրվել է նաև, որ կոյուղու ջրահեռացման համակարգը նախագծված չէ այնպես, որ բացառվի սննդամթերքի աղտոտման ռիսկը, իսկ անձնակազմի համար նախատեսված հանդերձարան չի եղել։
Տեսչական մարմինը ընկերության տնօրինությանը հանձնարարել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ և արտադրամասը համապատասխանեցնել օրենսդրությամբ սահմանված պահանջներին։ Խախտումների վերացման համար սահմանվել է ժամկետ։

Աղբյուր՝ tert.am
