Bankomat

Կառավարությունում քննարկում են նվազագույն աշխատավարձի բարձրացման հնարավորությունը

Լուրեր|2026/09/20 05:02
Կառավարությունում քննարկում են նվազագույն աշխատավարձի բարձրացման հնարավորությունը

Իշխանությունները թեման քննարկում են նաև մասնավոր հատվածի հետ, ասել է պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը։

Հայաստանի կառավարությունում քննարկվում է նվազագույն աշխատավարձի հնարավոր բարձրացումը։ Այդ մասին սեպտեմբերի 18-ին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը։

Նրա խոսքով՝ քննարկումները տարվում են նաև մասնավոր հատվածի հետ, քանի որ աշխատաշուկան նման հարցերում ինքնուրույն կարգավորող դեր ունի։ Պատգամավորը, սակայն, չի հստակեցրել՝ արդյոք նվազագույն աշխատավարձը կարող է բարձրացվել 2027 թվականի հունվարի 1-ից, ինչպես նախատեսվում է պետական համակարգում աշխատավարձերի փոփոխությունների դեպքում։

Աղաջանյանը նաև հայտնել է, որ կառավարությունում աշխատավարձերի հաշվարկման համար կներդրվի KPI (Key Performance Indicator) համակարգը, որը պետք է հնարավորություն տա գնահատել այս կամ այն պաշտոնյայի արդյունավետությունը։

Նրա գնահատմամբ՝ պատգամավորների աշխատանքի համար նման չափորոշիչ կիրառել հնարավոր չէ։ «Պատգամավորի աշխատանքի արդյունավետությունը պետք է գնահատի քաղաքացին՝ հաջորդ խորհրդարանական ընտրությունների ժամանակ որոշելով՝ տալ մանդատ, թե ոչ»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ 2023 թվականի սեպտեմբերից նվազագույն ամսական աշխատավարձը 68 հազար դրամից բարձրացվել է մինչև 75 հազար դրամ։

Աղբյուր՝ finport.am

Տարածել

Կարդացեք նաեվ