Bankomat

Ջրային կոմիտեն և ADB-ն քննարկել են համագործակցության նոր գործիքները

Լուրեր|2026/09/25 16:03
Ջրային կոմիտեն և ADB-ն քննարկել են համագործակցության նոր գործիքները

Քննարկման առանցքում եղել են ջրային ենթակառուցվածքների առաջնահերթ ծրագրերի պատրաստումն ու իրականացումը։

Հայաստանի Ջրային կոմիտեում քննարկվել են Ասիական զարգացման բանկի հետ համագործակցության ընդլայնման նոր հնարավորությունները։ Կոմիտեի հաղորդմամբ՝ հանդիպման ընթացքում ADB-ի պատվիրակությունը ներկայացրել է բանկի տեխնիկական աջակցության քաղաքականության վերջին փոփոխությունները, հասանելի ֆինանսական գործիքները և աջակցության նոր մեխանիզմները։

Մասնավորապես, խոսվել է փոխհատուցվող տեխնիկական աջակցության ձևաչափի և այս ամռանը հաստատված «Կրեդիտավորում՝ ծրագրերի աջակցման համար» նոր գործիքի մասին։ Կողմերը քննարկել են, թե ինչպես կարող են այդ գործիքները կիրառվել Հայաստանի ջրային ոլորտում առաջնահերթ ծրագրերի նախապատրաստման և իրականացման փուլերում։

Քննարկված ծրագրերի շարքում նշվել են Սևանա լճի ավազանում գտնվող Գավար, Մարտունի և Վարդենիս քաղաքների մաքրման կայանների արդիականացումը, հարակից գյուղական բնակավայրերում կեղտաջրերի հավաքման և հեռացման համակարգերի ձևավորումը, ինչպես նաև Գետիկում, Կարմիրգյուղում, Գառնահովիտում և Եղվարդում նոր ջրամբարների կառուցումը։

Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Գալամկարյանը, ընդգծելով Ասիական զարգացման բանկի ճկուն մոտեցումն ու բանկի հետ ձևավորված բազմակողմ համագործակցությունը, կարևորել է համատեղ ծրագրերի ռազմավարական դերը Հայաստանի ջրային ենթակառուցվածքների արդիականացման համար։

ADB-ի ներկայացուցիչներն էլ նշել են, որ բանկի մշակած նոր գործիքները կարող են կիրառվել տեխնիկատնտեսական հիմնավորման, մանրամասն նախագծման, տեղանքների ուսումնասիրության փուլերում, ինչպես նաև բնապահպանական և սոցիալական երաշխիքների պահանջների պահպանման ապահովման համար։ Նրանց գնահատմամբ՝ դա կօգնի պատրաստել միջազգային չափանիշներին համապատասխան որակյալ ծրագրեր։

Աղբյուր՝ finport.am

Տարածել

Կարդացեք նաեվ