Bankomat

Իշխանական պատգամավորը աջակցել է պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացմանը

Լուրեր|2026/09/18 23:02
Իշխանական պատգամավորը աջակցել է պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացմանը

Էդուարդ Աղաջանյանի խոսքով՝ պետական համակարգում վարձատրության վերանայումը վաղուց էր հասունացել։

cinéPAN

cultPAN

eventaPAN

Latest news from Armenia and around the world

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը աջակցել է այն նախաձեռնությանը, որով նախատեսվում է վերանայել պետական պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայության պաշտոններում աշխատողների վարձատրությունը։ Նրա գնահատմամբ՝ այս հարցին կառավարումը ութ տարի անց անդրադառնալը նույնիսկ ուշացած է։

Ինչպես հաղորդում է 1lurer.am-ը, պատգամավորը նշել է, որ պետական կառավարման համակարգը մշտապես բարձր որակավորում ունեցող մասնագետների կարիք է ունեցել, իսկ հեղափոխությունից հետո այդ խնդիրը, իր կարծիքով, ավելի է սրվել։

Աղաջանյանի խոսքով՝ հեղափոխությունից հետո պետական համակարգում աշխատանքի տրամաբանությունը հիմնովին փոխվել է, համակարգային կոռուպցիան վերացվել է, իսկ մոտիվացիայի մեխանիզմներն ու շղթաները նոր պայմաններում ամբողջությամբ փոխվել են։

Նրա խոսքով՝ հանրային հատվածի աշխատավարձերը բավարար գրավիչ չեն եղել այն բարձր որակավորում ունեցող մասնագետների համար, որոնք հեղափոխությունից հետո կարող էին հետաքրքրված լինել պետական կառավարման համակարգ մտնելով։

«Մենք ութ տարի է՝ իշխանության ենք, և այս հարցին ութ տարի անց անդրադառնալը նույնիսկ որոշ չափով ուշացած է։ Ես ողջունում եմ կառավարության որոշումը և վստահ եմ, որ այն կունենա իր համապատասխան հետևանքն ու ազդեցությունը՝ ներգրավելով բարձր որակավորում ունեցող կադրեր»,- ասել է պատգամավորը՝ հավելելով, որ IT ոլորտում և բանկային համակարգում աշխատավարձերը զգալիորեն ավելի բարձր են։

Անդրադառնալով աշխատավարձերի բարձրացումից հետո պարգևավճարների հնարավորությանը՝ Աղաջանյանն ասել է, որ վստահ չէ, թե բարձրացումից հետո պարգևավճարներ կտրամադրվեն։ Նրա խոսքով՝ որքան ինքն է տեղեկացված, խոսքը վերաբերում է հենց աշխատավարձերի աճին։

Սեպտեմբերի 17-ին կառավարությունը հավանություն է տվել «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց և հանրային ծառայության պաշտոններում գտնվող անձանց վարձատրության մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ նախատեսող նախագծին։ Սպասվում է, որ կվերանայվեն պետական մարմիններում պաշտոնների հիմնական աշխատավարձերի գործակիցները։ Օրենսդրական փաթեթը ուժի մեջ կմտնի 2027 թվականի հունվարի 1-ից։

Աղբյուր՝ www.pan.am

Տարածել

Կարդացեք նաեվ