ԱՄՆ-ի Ներքին եկամուտների ծառայությունը (IRS) հայտարարել է 2027 թվականի դաշնային եկամտային հարկի նոր շեմերի մասին։ Փոփոխությունները վերաբերում են 2027 հարկային տարվան և կկիրառվեն 2028-ին ներկայացվող հայտարարագրերի համար։
Գործակալությունը բարձրացրել է յուրաքանչյուր հարկային աստիճանի եկամտային սահմանաչափերը՝ գնաճի հաշվառմամբ։ 2027 թվականին ամենաբարձր՝ 37% դրույքաչափը կգործի այն ֆիզիկական անձանց համար, որոնց հարկվող եկամուտը գերազանցում է $661,375-ը, ինչպես նաև այն ամուսնացած զույգերի համար, որոնք համատեղ հայտարարագիր են ներկայացնում և վաստակում են առնվազն $793,650։
Կավելանա նաև ստանդարտ նվազեցումը։ Ամուսնացած զույգերի համար, որոնք հայտարարագիր են ներկայացնում միասին, այն կկազմի $33,200՝ 2026 թվականի $32,200-ի փոխարեն։ Միայնակ հարկատուները 2027-ից կկարողանան կիրառել $16,600 ստանդարտ նվազեցում՝ $16,100-ի փոխարեն։
IRS-ը վերանայել է նաև այլ կարևոր ցուցանիշներ, այդ թվում՝ երկարաժամկետ կապիտալ շահույթի հարկման շեմերը, ժառանգության և նվիրատվության հարկից ազատման չափը, ինչպես նաև earned income tax credit-ի իրավասության պայմանները։
CNBC-ի փոխանցմամբ՝ փոփոխությունները հրապարակվում են այն պահին, երբ ամերիկացիները շարունակում են բախվել կյանքի թանկացման խնդրին։ ԱՄՆ Աշխատանքի վիճակագրության բյուրոյի տվյալներով՝ 2026 թվականի սեպտեմբերին սպառողական գների ինդեքսը տարեկան կտրվածքով աճել է 3.7%-ով՝ օգոստոսի 3.4%-ից հետո։
Աղբյուր՝ www.cnbc.com
