
Պենտագոնը ԱՄՆ Կոնգրեսին ներկայացրել է հաշվետվություն, ըստ որի՝ Իրանի հետ հակամարտությունը մինչ այժմ ԱՄՆ-ի վրա արժեցել է 45.1 մլրդ դոլար։ Այդ մասին, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել է CNN-ը։
Հեռուստաալիքի տվյալներով՝ ներկայացված հաշվետվությունում 43.6 մլրդ դոլարը վերաբերում է անմիջական ռազմական ծախսերին, իսկ ևս 1.5 մլրդ դոլար ծախսվել է լրացուցիչ վառելիքի վրա։
Միևնույն ժամանակ CNN-ը նշում է, որ այս գնահատականը չի արտացոլում պատերազմի ամբողջական արժեքը։ Դրանում, մասնավորապես, ներառված չեն վնասված ռազմաբազաների և շենքերի վերանորոգման ծախսերը։ Աղբյուրներից մեկի խոսքով՝ Պենտագոնը նաև չի ներկայացրել ռազմական գործողությունների անուղղակի ծախսերի ամբողջական պատկերը, թեև Կոնգրեսը պահանջել էր այդ տվյալները։
ԱՄՆ Կոնգրեսի բյուջետային վարչության ավելի վաղ զեկույցի համաձայն՝ օգոստոսի սկզբի դրությամբ Իրանի դեմ ռազմական գործողությունները Պենտագոնի վրա արժեցել էին մոտ 38 մլրդ դոլար։ Այսպիսով, մեկ ամսվա ընթացքում այդ գումարն աճել է 7 մլրդ դոլարով։
Հուլիսին The Washington Post-ը գրել էր, որ Իրանի հետ պատերազմի պայմաններում Պենտագոնը բախվել է ֆինանսավորման սուր պակասի։ Ըստ հրապարակման՝ Սպիտակ տունը Կոնգրեսից պահանջել էր անհապաղ հատկացնել 67 մլրդ դոլար՝ ռազմական ծախսերը ծածկելու համար։ Եթե այդ միջոցները չհաստատվեին, զինվորականները ստիպված կլինեին կրճատել այլ ուղղություններով ծախսերը։
Ավելի ուշ Ներկայացուցիչների պալատն ընդունել է 1.15 տրլն դոլարի պաշտպանական բյուջեն։ Փաստաթուղթը նախատեսում է նաև լրացուցիչ 73 մլրդ դոլար հատկացնել Պենտագոնին և հատուկ ծառայություններին՝ հիմնականում Իրանի հետ պատերազմի ծախսերը ֆինանսավորելու նպատակով։
Հակամարտությունը, սակայն, ճնշում է ստեղծել ոչ միայն պետական ֆինանսների, այլև սպառազինության պաշարների վրա։ Օգոստոսի սկզբին CNN-ը հայտնել էր, որ հինգ ամսվա ռազմական գործողությունների ընթացքում ԱՄՆ-ն օգտագործել է THAAD համակարգերի հակահրթիռների պաշարների գրեթե 80%-ը և Patriot համակարգերի հրթիռների շուրջ կեսը։
Reuters-ի տվյալներով՝ գրեթե ամբողջությամբ սպառվել են նաև ATACMS և Precision Strike Missile հրթիռների պաշարները, ինչպես նաև աշխարհում առկա Tomahawk հրթիռների պաշարների գրեթե կեսը։
Աղբյուր՝ b24.am
