Bankomat

Իրանը հայտարարում է, որ կպահպանի Հորմուզի նեղուցի լիակատար վերահսկողությունը

Լուրեր|2026/09/25 10:01
Իրանը հայտարարում է, որ կպահպանի Հորմուզի նեղուցի լիակատար վերահսկողությունը

Թեհրանը պնդում է, որ նեղուցի կառավարման հարցում Օմանի հետ համաձայնություն է եղել, սակայն ԱՄՆ-ը խոչընդոտել է դրան։

Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի ռազմական հարցերով խորհրդական, գեներալ-մայոր Յահյա Ռահիմ Սաֆավին հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը «այլևս երբեք չի վերադառնա նախկին վիճակին», իսկ Իրանը կշարունակի լիովին կառավարել և վերահսկել այդ ռազմավարական ջրային ուղին։

Իրանական Fars և Tasnim գործակալությունների հրապարակած տեսանյութում Սաֆավին ասել է, թե Իրանն ու Օմանը համաձայնության են եկել նեղուցի կառավարման մեխանիզմի շուրջ, սակայն, նրա պնդմամբ, ամերիկյան կողմը խոչընդոտել է այդ գործընթացին։

Հորմուզի նեղուցը համաշխարհային էներգետիկ առևտրի առանցքային ուղիներից է։ Պատերազմից առաջ դրանով էր անցնում աշխարհում սպառվող նավթի և բնական գազի մոտ 20 տոկոսը։ Այժմ, ըստ հրապարակման, նեղուցով օրական անցնող նավերի թիվը շատ փոքր է։

Սաֆավին նաև նշել է, որ Իրանը Պարսից ծոցը, Կարմիր ծովը, Հորմուզի նեղուցը և Բաբ էլ-Մանդեբը դիտարկում է որպես փոխկապակցված ռազմական թատերաբեմ։ Նրա խոսքով՝ այդ մոտեցումը կարող է հիմնարարորեն փոխել հակամարտության բնույթը։

Նա անդրադարձել է նաև Եմենի հութիներին՝ ասելով, որ նրանք առաջընթաց են գրանցել Բաբ էլ-Մանդեբի նեղուցի ուղղությամբ, զբաղեցնում են կարևոր դիրքեր և ունեն սեփական նպատակներն ու ռազմավարությունը։ Սաֆավու գնահատմամբ՝ հութիները նաև զգալի առաջընթաց են ունեցել զենքի արտադրության ոլորտում։

Նույն ֆոնին Վաշինգտոնի և Թեհրանի միջև տարաձայնությունները շարունակում են պահպանվել ոչ միայն Հորմուզի նեղուցի վերահսկողության, այլև Իրանի միջուկային ծրագրի և պատժամիջոցների շուրջ։

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը նախօրեին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում հայտարարել էր, որ Իրանը երբեք չի հանձնվի Միացյալ Նահանգներին, բայց շարունակում է հավատալ դիվանագիտությանը։ Նա նաև հակադարձել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մեղադրանքներին՝ ասելով, որ Իրանը ոչ թե ահաբեկչության աղբյուր է, այլ դրա զոհը։

Սեպտեմբերի 23-ին ԱՄՆ նախագահի Մերձավոր Արևելքի հարցերով հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը հայտնել էր, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում հանդիպում է եղել իրանական կողմի հետ։ Նախագահ Թրամփը այդ շփումները բնութագրել էր որպես «կառուցողական»։

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային էլ ասել էր, որ Թեհրանը Նյու Յորքում Կատարի միջոցով Վաշինգտոնին է փոխանցել պատերազմը դադարեցնելու իր պայմանները։ Դրանց թվում են՝ բոլոր ճակատներում պատերազմի դադարեցումը, իրանական նավահանգիստների շրջափակման և տնտեսական պատերազմի վերացումը, ինչպես նաև Իրանի բռնագրավված ակտիվների ազատումը։

Աղբյուր՝ www.azatutyun.am

Տարածել

Կարդացեք նաեվ