Ճապոնիայում ձևավորվել է 60 տարեկանից բարձր աշխատակիցներին աշխատանքային գործընթացում պահելու առանձնահատուկ մոտեցում, գրում է Fortune-ը։ Այդ համակարգը թույլ է տալիս տարեց աշխատակիցներին շարունակել աշխատել և ստանալ աշխատավարձ, նույնիսկ եթե նրանք այլևս չեն կատարում նախկին բարդ գործառույթները։
Նյութում նշվում է, որ այս խմբի աշխատակիցները հաճախ կորցնում են իրենց նախկին պաշտոնները, քանի որ դժվարանում են համընթաց շարժվել գրասենյակներում տեխնոլոգիական արագ փոփոխություններին։ Այդ պատճառով մի շարք ճապոնական ընկերություններ նրանց տեղափոխում են ավելի ցածր պաշտոնների, որտեղ ծանրաբեռնվածությունն ու պահանջները նվազ են։
74-ամյա մի ճապոնացի Fortune-ին ասել է, որ եթե աշխատակիցը լավ չի կատարում իր աշխատանքը, նրան կարող են նստեցնել պատուհանի մոտ և հանձնել թղթային գործեր։ Նրա խոսքով՝ նման աշխատակիցների համար նույնիսկ հատուկ անվանում կա՝ madogiwazoku, որը բառացիորեն նշանակում է «պատուհանի մոտ նստողների ցեղ»։
Այս աշխատակիցները ժամանակ առ ժամանակ պատասխանում են էլեկտրոնային նամակներին, ստուգում և տեսակավորում փաստաթղթեր։ Թեև նրանց պարտականությունները սահմանափակ են, նրանք շարունակում են մնալ աշխատաշուկայում և ստանալ աշխատավարձ։

Աղբյուր՝ b24.am
