Idram-ը այս տարվա իր ամենամյա թիմային միջոցառումն անցկացրել է «Բարի գործերի քաղաքը» խորագրով՝ այն կապելով կորպորատիվ սոցիալական պատասխանատվության գործնական ծրագրերի հետ։ Ընկերության հաղորդմամբ՝ նախաձեռնության նպատակը եղել է աջակցել այն նախագծերին, որոնք վերաբերում են բնապահպանությանը, առողջական խնդիրներ ունեցող երեխաներին, մանկատների սաներին, տարեցներին, հավասար հնարավորություններին և անպաշտպան կենդանիներին։
Միջոցառմանը մասնակցած ընկերության հարյուրավոր աշխատակիցներ բաժանվել են թիմերի։ Ֆիզիկական և մտավոր տարբեր առաջադրանքներ կատարելով՝ նրանք հավաքել են միավորներ idcoin-երի տեսքով, ապա այդ միավորները բաշխել են վեց ուղղություններին համապատասխան արկղերի միջև։
Միջոցառման ավարտից հետո հավաքված բոլոր idcoin-երը Idram-ը փոխարկելու է հայկական դրամի՝ նախապես սահմանված փոխարժեքով, և ստացված գումարն ուղղելու է նշված վեց ուղղություններով ծրագրերի իրականացմանը։ Այսպիսով, թիմային խաղի արդյունքը պետք է վերածվի իրական բարեգործական աջակցության։
Idram-ի մարդկային ռեսուրսների կառավարման բաժնի ղեկավար Աստղիկ Զիլֆիմյանի խոսքով՝ կարևոր է, երբ ամբողջ թիմը իրեն զգում է ընկերության որդեգրած քաղաքականության և ռազմավարության մասը։ Նրա խոսքով՝ ընկերությունում արդեն ձևավորված ավանդույթ է, երբ տարվա ընթացքում մի քանի անգամ ամբողջ անձնակազմը ներգրավվում է սոցիալական պատասխանատվության ծրագրերում, իսկ այս անգամ թիմբիլդինգն ամբողջությամբ կառուցվել է հենց ընկերության համար առաջնահերթ համարվող վեց ԿՍՊ ուղղությունների շուրջ։
Ընկերությունում նշում են, որ «Բարի գործերի քաղաքի» հիմքն արդեն դրվել է, և մեկ օրվա ընթացքում ձևավորված այս մասնակցային մոդելը մոտ ապագայում պետք է վերածվի կոնկրետ սոցիալական ծրագրերի։

Աղբյուր՝ finport.am
