
Idram-ի այս տարվա ամենամյա թիմային միջոցառումն անցկացվել է «Բարի գործերի քաղաք» խորագրով և, ինչպես նշում է ընկերությունը, առանձնացել է իր գործնական նպատակի շնորհիվ։ Միջոցառումը կազմակերպվել է այնպես, որ թիմային մրցակցությունը վերածվի իրական սոցիալական աջակցության։
Idram-ի համար առաջնահերթ են համարվում վեց ուղղություններ՝ բնապահպանությունը, առողջական խնդիրներ ունեցող երեխաների աջակցությունը, մանկատների երեխաները, տարեցները, հավասար հնարավորությունները և անպաշտպան կենդանիները։ Հենց այս ուղղություններով նախագծերին աջակցելն էլ դարձել է թիմբիլդինգի հիմնական նպատակը։
Միջոցառմանը մասնակցած հարյուրավոր աշխատակիցներ բաժանվել են թիմերի։ Ֆիզիկական և մտավոր տարբեր առաջադրանքներ կատարելով ու մի շարք փորձություններ հաղթահարելով՝ նրանք միավորներ են վաստակել idcoin-ների տեսքով, ապա այդ միավորները բաշխել են վեց ուղղությունները ներկայացնող արկղերի միջև։
Միջոցառման ավարտից հետո ընկերությունը բոլոր հավաքված idcoin-ները սահմանված փոխարժեքով կվերածի հայկական դրամի և կուղղի նշված վեց ուղղություններով նախագծերի իրականացմանը։
Idram-ի ՄՌ բաժնի ղեկավար Աստղիկ Զիլֆիմյանի խոսքով՝ կարևոր է, որ ամբողջ թիմը իրեն զգա ընկերության որդեգրած քաղաքականության և ռազմավարության մաս։ Նրա խոսքով՝ թիմում վաղուց ձևավորված ավանդույթ կա, ըստ որի՝ տարին մի քանի անգամ ամբողջ անձնակազմը ներգրավվում է սոցիալական պատասխանատվության ծրագրերում, իսկ այս անգամ թիմային միջոցառումը կառուցվել է հենց ընկերության համար առաջնահերթ վեց CSR ուղղությունների շուրջ։
Այսպիսով, «Բարի գործերի քաղաքի» հիմքը դրվել է մեկ օրվա ընթացքում՝ մեկ թիմի և հարյուրավոր աշխատակիցների մասնակցությամբ, որոնց ջանքերը շուտով կվերածվեն տարբեր սոցիալական նախագծերի։
IDRAM COMPANY IS SUPERVISED BY THE CBA
Աղբյուր՝ en.b24.am
