
IDBank-ը «Կողք կողքի» ծրագրի շրջանակում նոր համագործակցություն է սկսել «Դէկավվա ֆոնդ» բարեգործական հիմնադրամի հետ՝ այս անգամ աջակցությունը հասցեագրելով Սևան համայնքում բնակվող՝ Արցախից բռնի տեղահանված ընտանիքներին։
Կողմերի հայտարարության համաձայն՝ նախաձեռնության նպատակը ընտանիքների սոցիալ-տնտեսական ինտեգրմանը նպաստելն է, ինչպես նաև կրթության և աշխատաշուկայի հասանելիության համար գործնական հնարավորություններ ստեղծելը։ Ծրագրի նոր փուլում աշխատանք է տարվելու ընտանիքի յուրաքանչյուր անդամի հետ՝ երեխաներից մինչև մեծահասակներ։
IDBank-ի Հաղորդակցման և կայուն զարգացման վարչության ղեկավար Տաթևիկ Վարդևանյանի խոսքով՝ ծրագրից ակնկալվում է շոշափելի արդյունք, որպեսզի ընտանիքները կարողանան լուծումներ ստանալ թե՛ սոցիալական խնդիրների, թե՛ համայնքում ավելի արագ ինտեգրվելու հարցերում։ Նրա գնահատմամբ՝ «Հարեհաս» ծրագրի աշխատանքը կարող է էական ազդեցություն ունենալ արցախցի հայրենակիցների ապագայի վրա։
«Դէկավվա ֆոնդ» բարեգործական հիմնադրամի համահիմնադիր և գործադիր տնօրեն Ադրիանա Մարությանը նշել է, որ յուրաքանչյուր ընտանիքի կարիքներն ու խնդիրները կդիտարկվեն առանձին, և աշխատանքը կկազմակերպվի անհատական մոտեցմամբ։ Նրա խոսքով՝ քանի որ «Հարեհասը» համայնքահեն ծրագիր է, այն համայնքներում, որտեղ բնակվում են արցախցիներ, կարող են ձևավորվել նոր նախագծեր, բիզնեսներ և այլ նախաձեռնություններ։
IDBank-ը հիշեցնում է, որ «Կողք կողքի» ծրագրի շրջանակում 2023 թվականից պարբերաբար աջակցություն է տրամադրում Արցախից բռնի տեղահանված ընտանիքներին՝ կարևորելով նրանց ինտեգրումը և Հայաստանում ապագա կառուցելու հնարավորությունը։ Վերջերս բանկը ֆինանսավորել էր նաև Երևանի պետական համալսարանի 103 արցախցի ուսանողների կրթավճարները։
Տաթևիկ Վարդևանյանի խոսքով՝ եթե ծրագրի սկզբնական փուլում աջակցությունն առավելապես սոցիալական էր և վերաբերում էր կենցաղային ծախսերին, ապա հետագայում շեշտը դրվել է կրթության, վերապատրաստումների և նոր մասնագիտություն ձեռք բերելու վրա։ Բանկում կարծում են, որ դա կարող է նպաստել երկարաժամկետ զբաղվածությանը և ընտանիքների սոցիալական խնդիրների ինքնուրույն հաղթահարմանը։
Առաջիկայում IDBank-ը համայնքներում կանցկացնի նաև ֆինանսական գրագիտության դասընթացներ, որպեսզի ընտանիքները ձեռք բերեն գիտելիքներ ավելի ճիշտ և գրագետ ֆինանսական որոշումներ կայացնելու համար։
Աղբյուր՝ b24.am
